Հասարակություն

Ինչ ակնկալիքներ ունեն մտավորականները նոր վարչապետից ու նոր կառավարությունից

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Նոր վարչապետ, նոր կառավարություն. ինչ ակնկալիքներ ունեն մտավորականները, ինչ կարող է փոխվել հատկապես երկրի մշակութային քաղաքականության մեջ: Թեմայի շուրջ այսօր իրենց տեսակետներն են հայտնել ճարտարապետ Լևոն Իգիթյանն ու Հովհաննես Թունմանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: 

Ճարտարապետ Լևոն Իգիթյանը նախ կցանկանար փոքր ինչ հստակությոուն մտցներ այն հարցում, թե մեզանում ով է մտավորականը. մարդ, ով բարձրագույնն է ավարտել, 10-15 գիրք է կարդացել, թե Գուչի ֆիրմայի կոստյում է հագնում: Անձամբ իր համոզմամբ՝ իրականում մտավորականը բարոյական կատեգորիա է: Նոր կառավարությունից Իգիթյանի ակնակալիքները համեստ են՝ տարբերել մտավորականին ոչ մտավորականից ու հաշվի առնել մտավորականության կարծիքը:

«Երբեմն ինձ հարց եմ տալիս՝ ինչի համար ինձ հրավիրեցին ասուլիսի, ենթադրենդ ասացի, հետո: Եթե սա պետք է, ինչու արդյունքն ու հետևանքները չենք տեսնում, եթե պետք չէ, ուրեմն ինչու խոսենք»,-հարցնում է Իգիթյանը: Նրա այն տեսակետը, թե ասողին լսող չկա տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը չի կիսում: Նրա համոզմամբ սխալը, պարզապես, հասցեատերերրի ճիշտ ընտրության մեջ է. «Մտավորականի խոսքն ուղղված է ոչ թե կառավարությանը, այլ հասարակությանը»:

«Իշխանությունն արձագանքում է, թե ոչ մտավորականության ձայնին, դա արդեն իր խնդիրն է: Արձագանքում է՝ լավ է, չի արձագանքում՝ ունենք այն ինչ ունենք»,-ասում է Ռուբեն Բաբայանը: Նրան մտահոգող խնդիրն այլ է՝ երկրի հակամշակութային մթնոլուրտը: Մշակույթը չի կարող գոյություն ունենալ հանուն մշակույթի: Եթե այն ելք չունի դեպի հասարակությունն ու չի ազնվացնում այդ հասարակությանը, ուրեմն մեր արածը գրոշի արժեք չունի: Մշակույթը ատամի մածուկ է, իսկ հասարակությունն ատամներն են, եթե մածուկ չեք օգտագործում, կարիեսից մի դժգոհեք, ասում է Ռուբեն Բաբայանը: Ինչ վերաբերում երկրի նոր կառավարությանը. արվեստագետը կցանկանար, որ այն ունենար ծրագիր ու հստակ պատասխաներ ՝ որտեղ է տեսնում Հայաստանի մշակությանի ապագան, արժեքային ինչպիսի համակարգում, որն է գերխնդիրը՝ հարստանալը, թե լավ քաղաքացի ունենալը:

Back to top button