ԿարևորՔաղաքական

Դ. Հարությունյան. Հովիկ Աբրահամյանն ունի հմտություններ, որոնք համալսարաններում չեն դասավանդում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մենք պատրաստ ենք նոր  կառավարության կազմում ընդգրկել «Բարգավաճ Հայաստանի և Դաշնակցության ներկայացուցիչներին»,- երեկ  ՀՀԿ  խորհրդի նիստից և վարչապետի պաշտոնու Հովիկ Աբրահամյանին առաջադրելու որոշումից հետո հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝  այդ  ուժերի հետ բանակցությունները  դեռ չեն ավարտվել, հնարավոր են  տարբեր սցենարներ՝  կոալիցիոն համագործակցություն, համագործակցություն առանց կոալիցիայի կամ ընդհանրապես համագործակցության մերժում։

Թե որ տարբերակը կընտրեն Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը»,  առայժմ միայն ուրվագծվում է, թեև ԲՀԿ-ի դեպքում որոշակիությունը կարծես ավելի մեծ է: Կուսակցությունը հայտարարում է, որ բացառում է կոալիցիայի մաս կազմելը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց սա որպես պաշտոնական հայտարարություն ընդունել: «Պատասխանեմ որպես պաշտոնական հայտարարություն. ԲՀԿ-ն որևէ ձևաչափով կամ տրամաչափով ներգրավված չի լինելու նորաստեղծ կառավարությունում»։

Իսկ արդյո՞ք Հովիկ Աբրահամյանի կառավարությանն ուղղված «Բարգավաճ Հայաստանի» քննադատությունը նույնքան խիստ կլինի, որքան խիստ էր Տիգրան Սարգսյանի կաբինետի դեպքում: Նաիրա Զոհրաբյանն ասում է ՝ ժամանկը ցույց կտա՝ վստահեցնելով նաև, թե կաշկանդված չեն լինելու: «Բազմիցս ասել ենք, որ ԲՀԿ-ն երբեք անձերի խնդիր չի դրել։ Մեզ համար կարևորը ծրագիրն է, այն , թե ինչ է անելու նոր կառավարությունը: Այս պահին ձեռնպահ կմնանք գնահատական տալուց: Երբ Հովիկ Աբրահամյանը ներկայացնի ծրագիրն ու իր նոր կաբինետը, այն ժամանակ կարծիք կհայտնենք: Մեկ բան մեզ համար աներկբա է ՝ այդ ծրագիրը չի կարող լինել նախորդ կառավարության տխրահռչակ ծրագրի շարունակությունը»։

Կառավարությանը մաս կազմել-չկազմելու կամ ինչպես համագործակցելու հարցը հստակ պատասխան առայժմ չունի Դաշնակցությունում:  Խմբակցության պատգամավորներից Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը քննարկումների արդյունքով կորոշի իր հետագա անելիքը: Իսկ քննարկումները դեռ շարունակվում են, բանակցությունների սեղանին Դաշնակցության  7 կետանոց ծրագիրն է։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ արձագանք կգտնեն ծրագրային այդ կետերը: Խնդիրը, սակայն, դրանք  ոչ միայն ծրագրում ներառելն է, այլ նաև իրագործման մեխանիզմներն ու եղանակները հստակեցնելը: Մեր որոշումը կախված է քննարկման արդյունքից»,- ասում է Մինասյանը։

Խորհրդարանական մեծամասնությունում քննարկումները այլ հարցերի շուրջ են: Հիմնականը, թե ով է զբաղեցնելու ԱԺ նախագահի պաշտոնը առայժմ պաշտոնական պատասխան չունի: Իսկ մյուս հարցերն արդեն այն շրջանակում են, թե ինչ փոխատեղումներ են սպասվում։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական անձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, օրինակ,  չի բացառում օրենսդիրից գործադիր  տեղափոխվելը: «Եթե առաջարկվող պաշտոնում ինձ ավելի արդյունավետ համարեմ , ապա կհամաձայնեմ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց նա։

Մամուլն արդեն երկու հավանական տարբերակ է շրջանառում Դավիթ Հարությունյանի ապագայի վերաբերյալ՝ նրա թեկնածությունը հնարավոր  համարելով եւ արդարադատության, եւ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարների պաշտոնում: «Եթե անկեղծ, ես չէի ուզենա գնալ արդարադատության նախարարություն: 10 տարվա աշխատանքը  քիչ ժամանակահատված չէ : Բայց կարծում եմ, որ նոր թարմ ուժերը պետք է ձեռնարկեն հերթական քայլերը:  Ես ԱԺ-ում էլ տեսնում եմ իմ անելիքը, խնդիրը նժարի վրա դնելն է՝ որտեղ կարող եմ արդյունավետ լինել»,- ասում է։

Փոխարենը Դավիթ Հարությույունյանին այնքան էլ չի հետաքրքում ԱԺ նախագահի պաշտոնը: Նա, ի դեպ, այս մոտեցումն ավելի վաղ էլ բարձարձայնել, երբ նորից թափուր էր խորհրդարանի խոսնակի պաշտոնը։ 

Ինչ վերաբերում է նոր կառավարությանը, ապա, ըստ Հարությունյանի, նպատակները մնալու են նույնը, կարող են փոխվել առաջանահերթություններն ու դրանց հասնելու եղանակները: Ի՞նչ է ակնկալում վարչապետ Հովիկ Աբրահամյանից նրա կուսակից Դավիթ Հարությունյանը: Մինչ ակնկալիքներին հասնելը՝ Դավիթ Հարությունյանը նորանշանակ վարչապետի որակների մասին է խոսում: «Հովիկ Աբրահամյանն ունի մի շարք հմտություններ, որոնք համալսարաններում չեն դասավանդում, որոնք ձեռք են բերվում կյանքի ընթացքում: Դրանք, իմ կարծիքով, կարող են դառնալ հաջողության գրավական»։

Որո՞նք  են այդ հատկանիշները:  «Լուծումների բազմաթիվ տարբերակներից ենթագիտակցորեն ամենաարդյունավետի ընտրությունը, պահանջկոտությունը և քննարկումներ կազմակերպելու կարողությունը, երբ հակադիր հայացքներ ունեցող անձինք ի վերջո կարողանում են հանգել ընդհանուր մոտեցման»։

Դավիթ Հարությունյանը կարծում է, որ  Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ կառավարության գործունեությունն ավելի բաց կդառնա, իսկ նախկին գործընկերոջ գործոնը չի կաշկանդի  խորհրդարանականներին ու առողջ քննադատության պակաս չի առաջացնի:

Back to top button