

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը կարծում է, որ նոր կառավարության առջև հանրապետության նախագահը հստակ խնդիրներ է դրել և դրանք լուծելու համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ միասնական թիմ։ «Կարծում եմ, որ այս ընթացքում նոր կառավարության և կառավարության ղեկավարի առջև նախագահի կողմից դրված խնդիրները հստակ են և այն թիմը, որը պետք է ձևավորվի առկա խնդիրներն ու մարտահրավերները լուծելու համար պետք է լինի միասնական աշխատող, պրոֆեսիոնալ թիմ:
Տենո՞ւմ է արդյոք Արմեն Աշոտյանն իրեն նոր կառավարությունում. Ասաց, որ սա իր ամենաչսիրած հարցն է: «Դուք հաճախ եք լինում նախարարությունում ու ինձ մոտ գալիս հաճախ եք տեսնում այն պատը, որի վրա փակցված են վերջին 25 տարիներին աշխատած լուսավորության, ապա ԿԳ նախարարների լուսանկարները: Կարող եմ ձեզ փաստել, որ անփոխարինելի մարդ չկա և այդ լուսնակարների շարքում տեղ կգտնվի նաև իմ լուսանկարի համար, եթե այդպես որոշվի»:
Արմեն Աշոտյանի հետ «Ռադիոլուրի» այս հարցազրույցը տեղի ունեցավ Խուլ ու համրերի մշակութային պալատում, որտեղ նախարարը մասնակցում էր Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի բացման արարողությանը: Մարզական այս տարվա խաղերում ընդգրկված է 11 մարզաձև: Ավանդական մարզաձևերին՝ շախմատին, սեղանի թենիսին, ատլետիկային, լողին, վոլեյբոլին, հանդբոլին, բասկետբոլին և ֆուտզալին այս տարի ավելացել են նաև հրաձգությունը, բազկամարտը և ձյուդոն: Հանրապետական ուսանողական այս տարվա խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 20 բուհ: Խաղերին կմասնակցի շուրջ 3000 ուսանող: Ողջունելով ուսանողական 15-րդ մարզական խաղերի մասնակիցներին` Արմեն Աշոտյանը նկատեց, որ տարեց տարի մասնակիցների թիվն ավելանում է, իսկ աշխարհագրությունը ընդլայնվում: