Քաղաքական

ԱԺ նախագահի թեկնածությունը կքննարկվի ապրիլի 28- ին մեկնարկող քառօրյայում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու մասին  Սերժ Սարգսյանի ապրիլի 13- ի հրամանագրով դադարել են ԱԺ նախագահի պատգամավորական լիազորությունները, ինչը նշանակում է, որ հրաժարական ներկայացնելու ընթացակարգի անհրաժեշտություն այս դեպքում չկա։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ այլ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ  պատգամավորական լիազորությունների դադարման մասին արձանագրությունը հնգօրյա ժամկետում կուղարկվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ  իրազեկումից հետո, մեկշաբաթյա ժամկետում պատգամավորական մանդատը կտրվի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: 

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը պատգամավոր է ընտրվել 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ համամասնական ընտրակարգով, Հանրապետական կուսակցության ցուցակով:

Եթե ինքնաբացարկներ չլինեն, ապա ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանն է, իսկ նրան հաջորդում է նախորդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը:

Ազգային ժողովի նոր նախագահի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում:

Back to top button