«Դեմ եմ»- ը շարունակում է իր բողոքի ակցիաները


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Հաջորդ ուրբաթ «Դեմ եմ» նախաձեռնությունը հանդես է գալու հատուկ ակցիայով: Շարժման անդամներն առայժմ չեն մանրամասնում, թե ինչ է սպասվում այդ միջոցառման ժամանակ։ Հաջորդ ակցիայի մասին նախաձեռնության անդամները խոսել են այսօր Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, որը մասնակիցները որպես գործնական հանդիպում են բնորոշել։
Առաջիկայում խորհրդարանական ոչ իշխանական ուժերը հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ և ՍԴ ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական առաջարկ կներկայացնեն, հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Դեմ եմ» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ: Թե կոնկրետ երբ կլինի արտահերթի նախաձեռնությունը, Արծվիկ Մինասյանը չհստակեցրեց, բայց նշեց, թե ինչ խնդիր է փորձելու լուծել օրինագիծը: «Օրինագիծը կհաստատի, որ այդ գումարները ենթակա չեն գանձման, իսկ մինչ այս պահը գանձված բոլոր գումարները ենթակա են հետ վերադարձման, և երրորդ՝ ոչ մի տույժ չպետք է գանձվի գործատուներից, անկախ նրանից՝ նրանք կատարե՞լ են այդ գանձումները, թե՞ ոչ»:
Դաշնակցական պատգամավորը համոզված է. մինչև սեպտեմբերի 30-ը կուտակային վճարների գանձումն ուժի մեջ թողնելու պահանջը չի տեղավորվում ոչ միայն որոշման տրամաբանության, այլ նաև սահմանադրական նորմերի տիրույթում: Ըստ նրա ՝ ուժի մեջ կարող են մնալ օրենքի միայն այն դրույթները, որոնք քաղաքացու իրավունքը չեն ոտնահարում, հակառակ դեպքում՝ գերակա է Սահմանադրության երրորդ հոդվածը, որը գործում է անմիջականորեն:
Արծվիկ Միանսյանի խոսքով՝ որևէ երկիմաստություն այստեղ չկա: «Ուղիղ եթերով բանավեճի եմ հրավիրել նրանց, ովքեր ասում են, թե Սահմանադրական դատարանի որոշումից հետո պետք է մինչև սեպտեմբերի 30-ը կատարվեն պարտադիր վճարներ: Հրաժարվեցին: Ոչ մեկը չի գալիս: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ենք, ժողովուրդը ճիշտ է»։
Ասել, որ պարտավոր ենք ենթարկվել հակասահմանադրական օրենքին, նշանակում է գնալ ապօրինությունների ճանապարհով. այս գնահատականն էլ տվեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը։ «Փաստորեն՝ ստացվում է, որ ժողովրդի դիրքորոշումը, որը բխում է Սահմանադրությունից ու ՍԴ որոշումից, խիստ տարբերվում է կառավարության որդեգրած դիրքորոշումից: Մենք հաստատակամ ենք ոչ թե խնդրելու, այլ ստիպելու, որ ենթարկվեն օրենքին»։
Նախաձեռնության անդամները հաստատակամ են նաև պայքարը շարունակելու հարցում՝ մինչև երկիմաստ իրավիճակի հանգուցալուծումը: Այդ պայքարը առաջիկայում նաև դատական հայցերի ներկայացում է ենթադրում: Պահանջներից մեկն էլ այս փուլում շարունակում է մնալ հարկային հաշվետվությունների պարտադիր վճարումների դաշտի վերացումը: Քանի դեռ ձևաթուղթը չի փոխվել, «Դեմ եմ»- ի երիտասարդները հանրությանը հակաքայլ են առաջարկում։ «Քանի դեռ չի փոխվել հարկային հաշվետվությունների ձևը, մենք կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին չկատարել կոմունալ վճարումները»:
Մեկ այլ նորամուծություն-առաջարկ ևս, որ հնչեց այսօր հանրահավաքի հարթակից: «Շուտով մեր կայքում կհայտնվի մի նոր նամակ –պահանջի ձևանմուշ, որը բոլորս պետք է ներբեռնենք, լրացնենք և ուղարկենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով կատարել Սահմանադրությամբ ամրագրված պարտականություններն ու պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավուքները»: