Հասարակություն

Գլենդեյլի առաջին հայ քաղաքապետի առաջիկա ծրագրերը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Ամերիկյան` գրեթե կիսով չափ հայաբնակ Գլենդեյլ քաղաքն առաջիկա մեկ տարին կղեկավարի առաջին հայաստանցի քաղաքապետը: Այս շաբաթ քաղաքային խորհուրդն իր կազմից նրան ընտրեց իբրև հերթական ղեկավար: Զարեհ Սինանյանը ոչ միայն Գլենդեյլի, այլև ԱՄՆ- ում առաջին հայաստանցի քաղաքապետն է: Նա տեղական ընտրություններով Գլեդեյլի ղեկավար մարմնի կազմը համալրել է անցած ապրիլին: Չնայած մրցակիցներին ու նրա թեկնածության դեմ ծավալված արշավին՝ Զարեհ Սինանյանը հաղթեց պայքարը, կարճ ժամանակում շահեց նաև գործընկերների վստահությունը: Այժմ, մինչև աշխատասենյակը պատրաստ կլինի , նորընտիր քաղաքապետն արդեն կազմել է առաջիկա անելիքների ցանկը։

Երթևեկության խնդիրը նորընտիր քաղաքապետի համար կարևորներից մեկն է. նրա պաշտոնակալման առաջին իսկ օրը գրանցվեց հերթական դժբախտ պատահարը` հայ ծերունու մահվան ելքով: Զարեհ Սինանյանը ցավով է փաստում, որ մահվան ելքով պատահարներ տեղի են ունենում ամեն երկու ամիսը մեկ, առավել ցավալի է, որ դրանց մեծ մասի դեպքում, որպես կանոն, կողմերից գոնե մեկը հայ է լինում։

Նորընտիր քաղաքապետի մյուս մտահոգությունը թափուր աշխատատեղերը զբաղեցնելու պայմանները բոլորի համար հավասար դարձնելն է: Այս հարցում նույնպես, հատկապես հայ համայնքը, խնդիրներ են ունենում` հիմնականում լեզվի չիմացության, հաճախ էլ` հայերի նկատմամբ ազգային խտրականության հետ կապված։ Դա է վկայում վիճակագրությունը։ Հայ համայնքը կազմում է Գլենդեյլի մոտ 200 հազար բնակչության մոտ 45 տոկոսը, սակայն շատ քիչ հայեր են կարողանում գործի ընդունվել պետական կառույցներում. օրինակ` Գլենդեյլի Հրշեջ ծառայության 180 աշխատակիցներից միայն վեցն են հայ, ընդ որում՝ նրանցից երեքը գործի են ընդունվել վերջին մեկ տարում: Քաղաքի ոստիկանության աշխատակիցների շարքում հայերի թիվը մինչև վերջերս չէր անցնում 10–ը, այժմ այդ թիվը հասել է 27-ի:

Ոչ միայն հայ համայնքի, այլև մյուս ներղագթյալների խնդիրները հայաստանցի քաղաքապետը, առավել քան որևէ մեկը, լավ է հասկանում. նա ինքը ներգաղթյալի ընտանիքից է. ծնվել է Երևանում, ԱՄՆ է տեղափոխվել 14 տարեկանում, տևական ժամանակ զբաղվել է Հայ դատի խնդիրներով։ Ասում է, որ հեշտ է ինտեգրվել նոր կյանքին` առավեագույնին հասնելու ձգտմամբ, բայց չհեռանալով իր արմատներից: Այժմ նույն կերպ փորձում է դաստիարակել 4 երեխաներին։

Երեխաների հետ միասին Զարեհ Սինանյանն այս տարի նույնպես նախատեսում է այցելել Հայաստան: Հայրենիքի հետ ամուր կապը դրսևորվում է նաև գործի մեջ. նա մտադիր է ակտիվացնել Գլենդեյլի քույր-քաղաքների ծրագիրը: Գլենդեյլը վաղուց արդեն այդ ծրագրի շրջանակում գործակցում է Կապանի հետ: Առաջիկայում նախատեսվում է նման գործակցություն ծավալել նաև Գյումրիի հետ:

Back to top button