Հասարակություն

Բարեգործական ցուցահանդես- վաճառք Երեւանի քաղաքապետարանում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր  արտաքին գործերի նախարարության «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիան Երեւանի  քաղաքապետարանում կազմակերպել է բարեգործական ցուցահանդես-վաճառք` նվիրված Մայրության և գեղեցկության  տոնին: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ, ինչպես նաև հայկական կազմակերպություններ և գեղարվեստի վարպետներ: Ցուցահանդես վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է  Երևանի Ներքին Չարբախի թիվ 130 և Նոր Արեշի թիվ 71 մանակապարտեզների վերանորոգմանը, ինչպես նաև Հայաստան ժամանող կարիքավոր քեսաբահայերին: Միջոցառման այցելուներից են եղել  քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի առաջին տիկինը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: 

Արտագաղթ և ներգաղթ. սիրիահայության համար այս երևույթներն արդեն դարձել են իրենց պատմության վերջին օրերի օրհասական ճանապարհի ուղեկիցները: Հայության ուշադրությունն այսօր սևեռված է քեսաբահայության խնդրիների վրա։ Ամենատարբեր աջակցությունները նմանօրինակ արհավիրքների ժամանակ երբեք էլ ավելորդ չեն լինում։ Այսօր Երևանի քաղաքապետարանի երկու նախասրահներում  մեր հողում բնակություն հաստատած սիրիահայ գործարարները  և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցները մեկ հարկի տակ  ներկայացրել են իրենց երկրների ազգային կերակրատեսակները, գործվածքեղենն ու այլազան իրեր: 

Հայաստանում հաստատված սիրիահայերից շատերը, որոնք  հայկական Կարմիր խաչի աջակցությամբ իրենց փոքր և միջին ձեռներեցությունը զարգացնելու ուղղությամբ ստացել են տարբեր տեսակի գործիքներ, այսօր արդեն   հնարավորություն ունեին միջոցառմանը ներկայանալ  սեփական արտադրանքով։ 

«Երեխաները օգնեն երեխաներին». այսպիսի պատսառով էր ներկայանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տաղավարը։ Ցուցադրված իրերի մեջ էին նաև դատապարտյալ երեխաների ձեռքի աշխատանքները։

Ցուցահանդես-վաճառքի ավարտին կհայտարարվեն նաեւ լավագույնները տաղավարի ձևավորում, ամենաակտիվ դեսպանի տիկին, լավագույն համակրանք վայելող մասնակից, ամենաակտիվ գնորդ և ամենահամեղ ուտեստ անվանակարգերում։

Back to top button