Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն առաջարկում է արմատական լուծումներ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Երեկ  պաշտոնապես հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որը մշակվել է նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ սեպտեմբերին  ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Փաստաթուղթը ծավալուն  է և առայժմ ներկայացվում է որպես հայեցակարգի նախագիծ։ Այն հանրային ու մասնագիտական քննարկումների երկար ճանապարհ  պետք է անցնի: Բայց անկախ այն հանգամանքից, որ փաստաթուղթը  նախնական է, այն հասցրեց զարմացնել իր արմատական փոփոխություններով և  «սենսացիոն, բեկումնային, արմատական» որակումներին արժանանալ։

Մոտ 50 էջ ծավալ ունեցող  փաստաթղթով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներկայացնում է իր  մոտ կեստարյա աշխատանքի արդյունքը և այն հայեցակարգային մոտեցումները, որոնք , ըոտ հեղինակների, ավելի արդյուանվետ կդարձնեն հայաստանյան կառավարման համակարգը։ Վերջին փոփոխությունները Հայաստանի մայր օրենքում կատարվել են 2005 թվականին: Դրանից մոտ 10 տարի անց  Սահմանադրության մեջ կրկին փոփոխություն կատարելու անհարժեշտությունը հիմնավորվում է 2005-ին արված կիսալուծումները ամբողջացնելու նկատառումով:

Հայեցակարգի նախագծի մեջ հենց այդ ձևակերպումն էլ օգտագործվում է . «2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքում իրականացված սահմանադրական բարեփոխումները համակարգային լուծումների առումով առաջընթաց գրանցելով հանդերձ՝ բովանդակեցին նաև մի շարք կիսալուծումներ, որոնք ամբողջականացվելու անհրաժեշտություն ունեն»։

Իսկ սկզբունքային  նոր մոտեցում  պահանջող հիմնախնդիրներ մասնագիտական հանձնաժողովը տեսել է Սահմանադրության գրեթե բոլոր  բաժիններում: Առաջարկներ կան համարյա  բոլոր ոլորտների վերաբերյալ. հիմնականները, սակայն, վերաբերում են իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքին,  ընտրական  ու դատական համակարգերին, նաև  հանրաքվեի ինստիտուտին:

Ամենաբեկումնային փոփոխությունը, թերևս, առաջարկվում է իշխանությունների տարանջատման և հակակշիռների մեխանիզմներում: Հանձնաժողովի անդամների երեկ տված մեկնաբանություններում թեև շեշտվում է, որ առաջարկվող մոդելն ուղղակիորեն անցում չէ կառավարման խորհրդարանական համակարգի, բայց հայեցակարգում առաջարկը հենց այդ ձևակերպմամբ էլ տեղ է գտել. « Նշված խնդիրների հնարավոր լուծում կարող է հանդիսանալ անցումը կառավարման խորհրդարանական համակարգին», իսկ որպես խնդիր, մասնավորապես նշվում է հետևյալը. նախագահի, խորհրդարանի և կառավարության քաղաքական միատեղումը գործնականում անիրագործելի է դարձնում սահմանադրական հակակշիռների ու զսպումների համակարգի բնականոն ու արդյունավետ գործողությունը։

Մասնագիտական խմբի անդամները նշում են, որ միջազգային պրակտիկայում առկա են խորհրդարանական կառավարման համակարգի բազմաթիվ տարատեսակներ, բայց հայաստանյան  կոնկրետ իրողություններից ելնելով առաջարկում են հետևյալ մոտեցումը.  հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նման կարգով ընտրված նախագահը, ըստ հեղինակների,  հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնել վերկուսակցական անաչառ արբիտրի դեր։

Վարչապետը, ըստ առաջարկի,  պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև։ Սահմանադրական երեք մարմինների միջև իշխանությունների գործառութային բաժանումը տվյալ դեպքում, ըստ իրավաբանների,  կլինի առավել հստակ։ Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, իսկ հանրապետության նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը։

Ընտրական համակարգի վերաբերյալ հստակ առաջարկներ չկան, մասնավորապես՝ հստակ ամրագրում, որ առաջարկվում է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, հայեցակրգում չկա, փոխարենը կա դիտարկում, որ գործող խառը ընտրական համակարգը չունի հստակ ուղղվածություն և քաղաքական փոխզիջումների արդյունք է, մի կողմից մեծամասնական, մյուս կողմից՝ համամասնական ընտրակարգերի կողմնակից քաղաքական ուժերի միջև։

Կուսակցական կարծր ցուցակները կուսակցությունների ղեկավարներին փաստացի վերապահում են իրենց ցուցակի պատգամավորների ընտրության հարցը, իսկ ընտրողները որոշակի առումով օտարվում են նախընտրած թեկնածուների ընտրության հարցում վճռորոշ ազդեցություն ունենալուց։ Սա հեղինակնրեը խնդիր են համարում և կարծում են, որ Սահմանադրությամբ պետք է լուծումներ ուրվագծվեն։

Հետաքրքիր առաջարկ կա նաև հանրաքվերի ինստիտուտի վերաբերյալ: Հեղինակներն անուղղակիորեն ակնարկում են, որ այն լիարժեք չի օգտագործվում և զարգացման մեխանիզմներ են առաջարկում: Դրանցից ամենաէականը, օրինակ, հանրաքվեն քաղաքացիական նախաձեռնությամբ անցկացնելն է։

Հանձնախմբի անդամները նշում, են որ առաջիկա ժամանակահատվածում փաստաթուղթը հանրային ու մասնագիտական քննարկումների փուլ է անցնելու հնարավոր բոլոր ձևաչափերով։

Back to top button