Մշակույթ

«Պրո Շամիրամ»-ով մեկնարկում է «Թատրոն-X» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ապրիլի 11-ից մայիսի 3-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թատրոն-X» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը: Փառատոնի նպատակն է խթանել թատերական քննադատական միտքը, նպաստել բանավիճային մշակույթի ձևավորմանը, բացահայտել առկա խնդիրները և ի հայտ բերել նոր անուններ: Հանրապետական թատերական 7-րդ փառատոնը մեկնարկում է այսօր Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որին կհաջորդի «Պրո Շամիրամ» ներկայացումը: Փառատոնի առանձնահատկությունների մասին են այսօր խոսել փառատոնի կազմակերպիչներն ու մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Պրո Շամիրամ» ներկայացմամբ էլ այսօր կմեկնարկի «Թատրոն-X» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը: Փառատոնին այս տարի մասնակցում են 19 թատրոններ ու թատերախմբեր, որոնց զգալի մասը երիտասարդական խմբեր են: Լավագույն ներկայացումները ընտրելու և քննարկումներ կազմակերպելու նպատակով ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ, որը փառատոնի օրերին կայցելի նաև մարզեր: Ներկայացնելով պառատոնի կարևորությունը` մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն առանձնացրեց 3 կարևոր նպատակ-ուղղություն.
«Առաջինն այն է, որ այս ներկայացումները, որոնք ներկայացվում և դիտվում են մասնագիտական խմբի կողմից անպայման հետագայում վերլուծվում են: 2-րդը` փառատոնը հանրչապետական բնույթ է կրում և շատ մեծ ուշադրություն է դարձվում մարզային թատրոնին: 3-րդ կարևոր ուղղությունը երիտասարդ ստեղծագործողների ներկայացումների քննարկումն է, նրանց հարթակներ տրամադրելն ու աջակցելը»:

Ի դեպ հենց «Թատրոն X» փառատոնից ծնվեց երիտասարդ բեմադրիչների աջակցման ամենամյա նախագիծը, և այս տարվա փառատոննէլ մեկնարկելու է այդ նախագծի շրջանակներում հաղթող ճանաչված ներկայացմամբ, նշեց փառատոնի նախագահ Արա Խզմալյանը: Գարունը սկսվում է թատրոնով և մեկը մյուսին հաջորդող փառատոնները դառնում են թատերական յուրօրինակ հրավառություն, նկատեց մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը:

Թե ինչու փառատոնը կոչվեց Թատրոն X, փառատոնի նախագահ Արա Խզմալյանն ինքն էլ չի կարող հիմնավորել:
Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա մայիսի 3-ին` դարձյալ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` Ռուբեն Բաբայանի «Բանաստեղծություն» ներկայացումով:

Back to top button