Հասարակություն

Մասնագետ.«Գոյություն չունի որեւէ դեղորայք կամ հավելում, որը քայքայի ճարպային շերտը»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այն խնդիրը, որ վաղուց արդեն մտահոգում է ամերիկյան եւ եվրոպական հասարակությանը, այսօր արդեն սուր է նաեւ Հայաստանում: Խոսքը գիրանալու մասին է: Խնդիրը այստեղ միայն արագ սննդի կամ անշարժ կենսակերպի մեջ չէ: Գործարարների որոշ շրջանակի համար գեր մարդը` բիզնեսի աղբյուր է: Բժիշկներն ահազանգում են, որ շատացել է նիհարեցնող հավելումների, թեյերի եւ սուրճի օգնագործումը: Բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչ հետեւանքների դա կարող է բերել` բացի սկզբնական էֆեկտից: Թեեւ այսօր դեղատներում կարելի է հանդիպել տարատեսակ նիհարեցնող միջոցների, բայց այդ ոլորտում որեւէ վերահսկություն չկա:

Գիրացումը հայ հասարակության համար այսօր աստիճանաբար վերածվում է սուր եւ առաջնային խնդրի, ահազանգում է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը: Պետք է նաեւ հասկանալ, որ այդ արհեստական համային հավելումներով լի սննդից հետո մարդու քիմքը այլեւս չի կարողանում ընդունել նորմալ եւ առողջ սննդի համը, ավելացնում է մասնագետը: Որեւէ մեկի համար այսօր այլեւս գաղտնիք չէ. գեր մարդիկ լավ բիզնեսի աղբյուր են, օրինակ` նիրահերցնող տարբեր հավելումներ, թեյեր, սուրճեր արտադրողների եւ իրացնողների համար: Մասնագետը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է. «գոյություն չունի որեւէ դեղորայք կամ հավելում, որը քայքայի ճարպային շերտը»:

Միզամուղ, լուծողական ու նույնիսկ հոգեմետ նյութեր պարունակող հավելումները առաջացնում են միայն թվացյալ էֆեկտ: Աշխատանքի բերումով Հասմիկ Աբովյանը արդեն տեսել է, թե ինչի կարող է հանգեցնել գեղեցիկ գովազդով խաբվելը եւ նիհարեցնող տարբեր միջոցների չարաշահումը: «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ ղեկավար Արմեն Պողոսյանն իր հերթին նշում է. նիհարեցնող նյութերի վաճառքի ոլորտը Հայաստանում ընդհանրապես վերահսկողությունից դուրս է:

Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը հորդորում է նիհարել ցանկացողներին չտրվել հեշտ նիհարելու գայթակղությանը: Արդյունավետ է միայն սպորտը եւ ճիշտ սննդակարգը: Կան սնվելու կանոններ, որոնք սակայն, ընդունելի են խնդիրներ չունեցողների համար: Իսկ գեր մարդիկ նախ պետք է ստուգվեն, պարզեն գիրության պատճառը եւ նոր մասնագետների օգնությամբ անցնեն գործի:

Բժիշկը խորհուրդ է տալիս ծնողներին նաեւ խրախուսել երեխայի բակային խաղերը, քանի որ համակարգչի մոտ անշարժ նստելը նույնպես ապագա գիրացման պատճառ կարող է դառնալ:

Back to top button