Հրապարակվել է ՌԴ նախագահի նամակը Եվրամիության մի շարք երկրների առաջնորդներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրամիության մի շարք երկրների առաջնորդներին նամակ է հղել: Նշելով, որ Ուկրաինայի տնտեսությունը մոտենում է դեֆոլտի սահմանին, նա առաջարկել է համատեղ խորհրդակցություններ անցկացնել կարգավորելու համար ռուսաստանյան գազի դիմաց Ուկրաինայի պարտքը: Նամակն ուղարկվել է 18 պետությունների ղեկավարներին, որոնք Ռուսաստանից գազ են ստանում Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարից: Պուտինի ուղերձում նշվում է, որ Ռուսաստանը Ուկրաինայի անկախացման առաջին իսկ օրից մինչև 2013 թվականի ավարտը աջակցել է ուկրաինական տնտեսության կայունությանը, մատակարարելով ցածր գնով գազ: «Ռուսաստանը չպետք է և չի կարող միայնակ կրել ուկրաինական տնտեսությանն աջակցելու բեռը, տրամադրելով նրան զեղջեր և ներելով պարտքերը, իրականում իր սուբսիդիաներով վճարելով Ուկրաինայի և Եվրամիության անդամ երկրների առևտրում եղած դեֆիցիտը»,- ասվում է նամակում:
Պուտինը դժգոհել է, որ Եվրամիության երկրներն այդ խնդրով խորհրդակցություններ անցկացնելու փոխարեն Ռուսաստանին են կոչ անում իջեցնել գազի գինը Ուկրաինայի համար, պնդելով, թե գնի բարձրացումը քաղաքական բնույթ է կրում: «Տպավորություն է ստեղծվում, թե եվրոպական գործընկերները ցանկանում են ուկրաինական տնտեսության ճգնաժամի հետևանքները տեղափոխել և դնել միայն Ռուսաստանի վրա», -ասվում է ուղերձի տեքստում: Հիշեցնենք, որ Ռուսաստանը Ուկրաինայի համար գազի գինը բարձարցրել է ապրիլի մեկից կրկնակի անգամ` 1000 խմ-ի համար 268.5 դոլարից դարձնելով 485 դոլար: Նախօրեին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ուկրաինայի ընդհանուր պարտքը Ռուսաստանին կազմում է 16.6 միլիարդ դոլար և, որ Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը գազի մատակարարման համար անցնելու կանխավճարի տարբերակին: