Քաղաքական

Կողմերը պետք է օգտվեն ստեղծված իրավիճակից, ասում է ՄԽ ամերիկացի համանախագահը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհանգստություն է հայտնել  հայ-ադրբեջանական շփման գծում գրանցվող բռնության միջադեպերի կապակցությամբ։ Դիվանագետը «Թրենդ» գործակալությանն ասել է, որ հակամարտող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցման վրա և փոխեն հռետորաբանությունը՝ բանակցային գործընթացի պայմանները բարելավելու նպատակով:

«Մահվան ելքով վերջին դեպքերն ապացուցում են, որ սա վտանգավոր հակամարտություն է, որում չկան հաղթողներ: ԵԱՀԿ-ն և կազմակերպության ինստիտուտները սատարում են համանախագահների խաղաղություն հաստատելու կողմերին աջակցելու ջանքերին: Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ընդգծում են, որ կողմերը պետք է օգտվեն ստեղծված իրավիճակից և վճռական քայլեր ձեռնարեն խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- ասել է ամերիկացի համանախագահը։ Ուորլիքն ընդգծել է, որ միջնորդները պատրաստ են կողմերին տրամադրել ցանկացած օգնություն։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպմանը՝ համանախագահը նշել է, որ նրանք համամիտ են՝ անհրաժեշտ է շարունակել բարձր մակարդակով բանակցությունները։ «Մենք ջանում ենք օգնել պայմանավորվել հանդիպման անցկացման տեղի և վայրի շուրջ, սակայն ամեն ինչ կախված է հենց նրանցից։ Նոյեմբերին Վիեննայում կայացած հանդիպումը լուրջ քայլ էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացում»,- ասել է Ջեյմս Ուորլիքը։

Back to top button