ԿարևորՔաղաքական

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր՝ վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել՝ կոչ անելով սենատին՝ հիշատակել այս հանցագործությունը և նախագահին՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ աջակցել դեռևս չպատժված ցեղասպանության փաստի հաստատմանը: Այս հայտարարությունը տարածել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA): «Այսօրվա քվեարկությունը հաստատել է Ամերիկայի ձգտումը դեպի ճշմարտության հաստատում, որը Թուրքիայի՝ ցեղասպանության ժխտմանն ուղղված քարոզարշավի լուրջ խափանում է», — հայտնել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունվել է 12 կողմ, 5 դեմ ձայնով։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնությամբ քվեարկությունը տեղի է ունեցել երեկ՝ Capitol Hill-ում՝ Հայոց ցեղասպանության քննարկմանը նվիրված ժողովում, որի ժամանակ վերջինս հայտարարել է. «Ինձ համար և կարծում եմ՝ բոլորի համար կա մի հստակ փաստ. ցեղասպանությունը ցեղասպանություն է, և հնարավոր չէ դրան մեկ այլ անուն տալ, պետք է ճանաչել այն: Հաջորդ տարի նշելով Օսմանյան կայսրության կազմակերպած Հայոց կոտորածի 100-ամյա տարելիցը, որը վերապրած մարդկանցից քչերն են ողջ մնացել, և որի հետևանքով 1.5 մլն մարդ է զոհվել, կարևոր է այս անգամ ավելի գլոբալ մտածել»:

Back to top button