Հասարակություն

Քանի դեռ չի բռնվել հանցագործի ձեռքը… Ներկայացվեց Բակուր Կարապետյանի «Маргушеван, Марага» գիքը

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

«Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Маргушеван, Марага» նոր գիրքը, որտեղ նա ներկայացրել է այս երկու բնակավայրերում տեղի ունեցած կոտորածների մանրամասները, ինչպես նաեւ զոհերի ճշտված ցուցակները: «Մարաղայի եւ Մարգուշեւանի կոտորածների մասին տեղեկատվությունը քիչ էր և ես փորձեցի լրացնել այդ բացը»,- ասել է Բակուր Կարապետյանը:

22 տարի առաջ հենց այս օրը ադրբեջանական բանակը, խորհրդային տանկերի օգնությամբ, ճեղքեց Մարաղա եւ Մարգուշեւան գյուղերի պաշտպանական գիծը եւ այդ երկու գյուղերում կոտորեց խաղաղ բնակիչներին: Բակուր Կարապետյանի «Маргушаван, Марага» նոր գիրքը միջազգային հանրությանն այս ամենի մասին տեղյակ պահելու, եւս մեկ անգամ բարձրաձայնելու նպատակ է հետապնդում, որպեսզի , ինչպես նշեց հեղինակը, կոտրվի մարդկության դեմ այս հանցագործության նկատմամաբ պահպանված քար լռությունը: Հեղինակը վստահ է, որ միջազգային ասպարեզում մեր լռությունն այս դեպքերի առնչությամբ, անընդունելի է, քանի որ «երբ չես բռնում հանցագործ ձեռքը, այն պատրաստ է կրկնելու նույն հանցագործությունը»: «Այն ինչ կատարվեց Մարաղայում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության, Սումգայիթի և Բաքվի ջարդերի շարունակությունն րէ»,-ասաց Բակուր Կարապետյանը:

Քաղաքակիրթ աշխարհը չարձագանքեց Մարաղա-Մարգուշավանի ողբերգությանը, իսկ դրան հակառակ ադրբեջանական քարոզչամեքենենան մեծ աղմուկ բարձրացրեց Խոջալուի իրադարձությունների շուրջ՝ սուտը ներկայացնելով որպես իրականություն: Մարաղայում տեղի են ունեցել ահավոր կոտորածներ, դաժանորեն մորթվել է 69 մարդ, իսկ Մարգուշավան գյուղում, որտեղ, ի դեպ, ծնվել եւ մեծացել է Բակուր Կարապետյանը՝ 30 խաղաղ բնակիչ է զոհվել:
Գիրքը գրելու համար Բակուր Կարապետյանն ասաց, որ ճամփորդել է Ռուսաստանում, զրուցել փրկվածների եւ կոտորածի ականատեսների հետ:
Հավելենք, որ գիրքը ռուսերենով է հրատարակվել՝ 500 օրինակով:

Back to top button