ԿարևորՔաղաքական

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ կլինի հուլիսի 1- ին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ խորհրդակցությունից հետո լրագրողներին են հանդիպել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը եւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ բարեփոխումների հայեցակարգի նախնական նախագիծը ներկայացվել է հանրապետության նախագահին: ՍԴ նախագահի խոսքով` հանձնաժողովը փորձել է համակողմանի քննարկել հարցը, խնդիրները եւ հետո ամփոփել: Հայեցակարգը պետք է ավարտական տեսքով ներկայացվեր ապրիլի 20-ին, սակայն հանձնաժողովը չի հասցնում եւ նախագահին խնդրել է ժամկետը երկարացնել մինչեւ հուլիսի 1-ը:

Այսպիսով՝ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերջնական տարբերակը պատրաստ կլինի մինչեւ հուլիսի 1-ը: Հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով` սկզբունքները հստակեցվել են եւ փորձ է արվել անկաշկանդ քննարկել բոլոր խնդիրները: Անցկացվել է 18 նիստ, առանցքային շատ հարցեր են քննարկվել, այդ թվում նաեւ` կառավարման համակարգի վերաբերյալ: «Այստեղ կարծիքները կիսվեցին եւ ամբողջական տեսքի չբերվեց։ Մեծամասնությունը խորհրդանական կառավարման կողմնակից էր: Բայց սա դեռ կքննարկվի, պիտի ներկայացվի հանրային քննարկման: Մի բան պարզ է, որ կառավարման համակարգը բարեփոխվի»:

Առանցքային խնդիրներից մեկն էլ առնչվում է ընտրական համակարգին: Գագիկ Հարությունյանի խոսքով` հանձնաժողովն այս հարցում ունի միասնական համոզում` համակարգային փոփոխություններ պետք է լինեն, քանի որ գործող ընտրական համակարգը ունի թերություններ: Հանձնաժաղովի անդամ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն էլ այս մասով պատասխանեց հանրային հետաքրքրություն ունեցող մի հարցի` շեշտելով, որ հանձնաժողովը նպատակահարմար չի համարում փոխելու նախագահին եւ ԱԺ պատգամավորներին ներկայացվող պահանջը` համապատասխանաբար վերջին 10 եւ 5 տարում ՀՀ-ում պարտադիր բնակության մասին: Նախատեսված է նաեւ, որ ընտրական համակարգը նույնպես կամրագրվի Սահմանադրությամբ, սակայն, թե ինչպիսի կարգ` հանձնաժողովը չի հստակեցնում։

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հիշեցրեց, որ առայժմ գործ ունենք հայեցակարգի նախնական նախագծի հետ, այսինքն` առայժմ քննարկվելու են հարցեր, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, ինչ ուղղություններով: Թե արդեն առավել կոնկրետ ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները` երկրորդ փուլի խնդիրն է, որը, ըստ էության կմեկնարկի հուլիսի 1-ից հետո, երբ կներկայացվի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի արդեն վերջնական տարբերակը։ Դրանից հետո` բուն փոփոխությունների փաթեթի մշակման համար նախատեսված է 10 ամիս: Բոլոր փուլերում կլինեն հանրային քննարկումներ: Քննարկումներ կանցկացվեն նաեւ քաղաքական կուսակցությունների հետ: Քննարկումների ձեւաչափը կներակայցվի առաջիկայում: Դրանք կլինեն հեռուսաբանավեճերի, քննարկում-բանավեճերի ձեւով։

Back to top button