ԿարևորՔաղաքական

Մոսկվան մինչև այս տարեվերջ ձայնազուրկ է. ԵԽԽՎ-ում բանաձեւին դեմ է քվեարկել նաեւ Հայաստանը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մոսկվան մինչև այս տարեվերջ ձայնազուրկ է. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը այսօր կայացած նիստի ժամանակ ոչ միայն զրկել է Ռուսաստանին քվեարկության, նաև վեհաժողովի ղեկավար մարմիններում և դիտորդական առաքելություններում աշխատելու իրավունքից: Բանաձևն ընդունվել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 145 կողմ, 21 դեմ 22 ձեռնպահ:

Այսպիսով, եվրոպացի խորհրդարականները սատարեցին մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Շտեֆան Շտեննահի ներկայացրած զեկույցը, որով առաջարկվում էր պատժամիջոցների մեղմ տարբերակ: Բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի առաջարկը՝ սառեցնել Ռուսաստանի անդամակցությունը վեհաժողովին, չընդունվեց: Հիշեցնենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշումը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ հետևանք է Ուկրաինայի իրադարությունների և Ղրիմի՝ Ռուսաստանին միացման: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը հակառուսական բանաձևին դեմ է քվեարկել: Մանրամասները Սրաբուրգից հեռախոսով հաղորդել է մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Բավականին բուռն անցավ քննարկումը, ռուսական պատվիրակությունը բոյկոտել էր այսօրվա նիստը ու դահլիճում ռուսական պատվիրակությունից որևէ պատգամավոր չկար»,Ստրասբուրգից «Ռադիոլուր»-ին փոխանցեց ԵԽԽՎ պատվիրակության անդամ ԱԺ ԲՀԿ խմբակացության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա, շատ բուռն են եղել հնչող ելույթները:

«Չնայած ելույթների ընթացքում տարբեր պատգամավորներ շատ ավելի կտրուկ սանկցիաներ էին առաջարկում կիրառել` մասնավորապես Վրասատանի, Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի պատգամավորները առաջարկում էին ընդհանրապես կասեցնել ռուսական պատվիրակության լիազորությունները և ընդհուպ դուրս թողնել ԵԽԽՎ-ից:Սակայն վեհաժողովում գերակշիռ էր այն տեսակետը, որ նման կտրուկ սանկցիաներն ուղղակիորեն կարող են հակառակ էֆեկտ ունենալ և չեն նպաստի երկխոսությանը: Բավականին բուռն քննարկումներից հետո բանաձևը դրվեց քվեարկության Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու տեսքով, և որոշվեց որ հունվարին կրկին կանադրադառնան Ռուսատանի խնդրին: Եթե Ռուսատան-Ուկրաինա հարաբերություններում կնճիռները հարթված չլինեն հունվարին արդեն շատ ավելի կտրուկ սանկցիաներ կկիրառվեն Ռուսատանի նկատմամբ»:

Տեղեկացնենք, նաև, որ հակառուսական բանաձևին դեմ են քվեարկել նաև Թուրքիայի, Հունգարիայի, Ֆինլյանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի Մոլդավայի պատվիրակները: Ձեռնպահ քվեարկած պատգամավորների թվում են Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի պատվիրակները:

Back to top button