Մարաղայի կոտորածներն այսօր հիշում էին Նոր Մարաղայում


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
1992 թվականի ապրիլի 10-ի իրադարձությունները հայոց նորօրյա պատմության մեջ մտան Մարաղայի ողբերգութուն անվամբ: Սակայն փաստերն անհերքելիորեն ապացուցում են, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Գյուղի բնակիչները դարձան ադրբեջանական կանոնավոր բանակի թիրախը: Ավելի քան 80 զոհ, 63 պատանդ: Ոսոխը չհարցրեց ոչ տարիք, ոչ սեռ: Գերիների մի մասն այդպես էլ հայրենիք չվերադարձավ: Գյուղն ազատագրվեց, բայց թափ առնող ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հարևան բնակավայրերի հետ դարձյալ նվաճվեց ու առ այսօր գտնվում է թշնամու վերահսկողության տակ:
Մարաղայի դեպքերը հայտնվեցին միջազգային, մարդասիրական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, բայց շուտով մոռացվեցին: Հանցագործներն իրենց պատիժը չստացան: Ոճրագրծությունները պիտի դատապարտվեն, համոզված են փոքրիկ մարաղեցիները, որոնց համար Հին Մարղան, Անիի, Վանի հետ նույն շարքում է: Մարաղայի ցեղասպանության օրը գյուղում բողոքի ցույց են արել նաև Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք դատապարտող ցուցապաստառներ են պարզել և սգո արարողության մասնակիցներին բաժանել «Մարաղա» տեսաֆիլմը: