ԿարևորՔաղաքական

ԼՂՀ ԱԳՆ. Հայ ազգաբնակչության ջարդերի նկատմամբ համարժեք գնահատականի բացակայությունը Ադրբեջանում հայերի նկատմամբ հիվանդագին ատելության հիմք դարձավ

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի ամենաողբերգական դրվագներից մեկը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածն է։ 1992 թ. ապրիլի 10-ին տևական հրետանային գնդակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժել են խաղաղ գյուղը և դաժան հաշվեհարդար տեսել նրա անպաշտպան բնակչության նկատմամբ։Գյուղի վրա հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել խաղաղ բնակչությանը: Ըստ տարբեր տվյալների, այդ թվում Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների` Մարաղայում սպանվել է 53 – 100 մարդ և ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա և 29 կին: Երկու շաբաթ անց գյուղը կրկին հարձակման է ենթարկվել և հարազատներին հուղարկավորելու նպատակով վերադարձած բնակիչները ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհ են դարձել:Մարաղայում իրականացված  հրեշավոր հանցագործությունը  հերթական դրվագ դարձավ Հյուսիսային Արցախում, ինչպես նաև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերի և տեղահանությունների շարքում»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության՝ «Արցախպրեսին» տված մեկնաբանության մեջ։ 

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը ցավով արձանագրել է, որ «Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչության ջարդերի և էթնիկ զտումների նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը և  ոճրագործների անպատժելիությունը հիմք դարձան այսօրվա Ադրբեջանում հայերի և ողջ հայկականի նկատմամբ հիվանդագին ատելության պաշտամունքի, այլատյացության, անհանդուրժողականության և ռազմատենչության սանձարձակ քարոզչության համար»։

«Հետագայում նմանատիպ հանցագործությունների հնարավորությունը կանխելու համար Մարաղայի կոտորածը, ինչպես նաև հայատյացության այլ դրսևորումները պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից, իսկ նրա կազմակերպիչներն ու իրագործողները ստանան արժանի պատիժ»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ։

Back to top button