ԿարևորՔաղաքական

Առաջին նիստը՝ առանց Տիգրան Սարգսյանի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Նախորդ հինգշաբթի նախարարներ էին, այս հինգշաբթի՝ ժամանակավոր պաշտոնակատարներ: Կառավարությունն այսօր հերթական նիստն է անցկացրել, որը վարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Կառավարության ժամանակավոր պաշտոնակատար ներկայացուցիչներից քչերն են այսօր լրագրողների հարցերին պատասխանել: Նիստից հետո շտապ հեռացել է անգամ կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը։ Վերջինս, ի դեպ, այն եզակի պաշտոնյաներից է, ով շատ հաճախ է լրագրողների հարցերին պատասխանում: Այսօր, անգամ Աշոտյանին  ուղղված  հարցերն են անպատասխան մնացել: : Մի  քանիսն այդուհանդերձ, որոշ հարցերի  հակիրճ պատասխանել են:

Անակնկա՞լ էր արդյոք Տիգրան Սարգսյանի հրաժարականը, կշարունակե՞ք պաշտոնավարել, թե՞ ոչ, ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի հրաժարականը. լրագրողների բազմաթիվ  հարցերին նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներից մի քանիսը միայն լսեցին ու  հակիրճ   պատասխաններ տվեցին: Բնապահպանության և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները վստահեցրեցին,որ հանգիստ աշխատում են, քաղաքական գործըթնացներ են ու ինչպես որոշվի, այնպես էլ կանեն:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նույնպես  հակիրճ էր վարչապետի հրաժարականի, իր՝ հետագա պաշտոնավարմանը վերաբերող պատասխաններում։ «Պարոն վարչապետի անձնական որոշումն է եղել: Իմ կարծիքն այդքան հետաքրքիր չի, կարծում  եմ: Եթե կլինի անհրաժեշտություն, աշխատանքները շարունակելու, կշարունակենք: Դա նախագահի որոշելիքն է»,- ասաց։

Փոխարենը՝ Ասատրյանը  մեկ անգամ ևս մանրամասնորեն անդրադարձավ «Դեմ եմ պարտադիր կուտակային բաղադրիչին»  երեկ ուղղված երկխոսության առաջարկին ու Սահմանադրական դատարանի որոշմանը։ ՍԴ որոշու հետո մենք բոլորս մի կարևորագույն խնդիր ունենք՝ գործող օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնել։ Աշխատանքային խումբը ձևավորվել է, աշխատում է, դուրս է բերում  մատնանշված խնդիրները և օրենքի շրջանակներում իրավական  համապատասխան լուծումներ կտա։

Արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրարկոսյանը մեկ անգամ ևս հստակեցրեց ապրիլի երկուսին Սահմանադիրական դատարանի կողմից կայացված որոշումը: Հակասահմանադրական ճանաչված բոլոր իրավադրույթների  ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել  այս տարվա սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ այդ դրույթները մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակավորապես պահպանում են իրավական ուժը, այսինքն` գործում են: Որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչև սեպտեմբերի 30-ը կատարված և կատարվելիք կուտակային վճարներին: «ՍԴ-ի որոշումից միանշանակ հետևում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Բացի այդ՝ համաձայն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի՝ նրանք պարտավոր են կատարել համապատասխան ամսական կուտակային վճար: Այս պահանջը նույնպես գործում է մինչև սեպտեմբերի 30-ը»,- ասաց փոխնախարարը։

Սա, ի դեպ, կառավարության միասնական իրավական դիրքորոշումն է: Դե իսկ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված  էին հանրության տարբեր ոլորտները ներկայացնող նախագծեր: Ամենահրատապներից էին, թերևս, մարտի 31 ու ապրիլի 1- ին հանրապետությունում գրանցված ցրտահարության հետևանքները մեղմելուն ուղղված նախագծերը: Գործադիրում այսօր որոշեցին՝ կաջակցեն ցրտահարությունից տուժած գյուղացիներին: Նախ, սակայն, նրանց ամբողջական ցանկը պետք է կազմվի։ «Մարզային իշխանությունները տեղական իշխանավորների հետ պետք է կազմեն ցրտահարությունից տուժած շահառուների ցուցակները, դրանք պետք է հրապարակային լինեն, տեղադրվեն մարզպետարանների կայքերում»։

Մինչ աջակցությունն առարկայական կդառնա, այսօր հայտարարվեց, թե կառավարությունն ինչպես է աջակցելու ցրտահարությունից տուժած գյուղացիներին: 2014 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվեց 130 դրամի,  ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին կիրականացվի առանց առավելագույն չափաքանակի՝ փաստացի ունեցած հողատարածքի չափով: Մասնակի կփոխհատուցվեն նաև հողի ու ոռոգման  ջրի հարկերը: Կառավարությունը նաև 85 մլն դրամի սերմեր կգնի ու անվճար կբաժանի ցրտահարությունից տուժած գյուղացիներին:

Back to top button