Հասարակություն

30 տոկոս հավելյալ գումար` օդի դիմաց. մտավորականները պնդում են` «Գազպրոմը» խաբում է սպառողին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ներազգային ազատագրական շարժումն» այսօր հայտարարել է նոր քաղաքացիական նախաձեռնությամն մասին, որի նպատակը սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների բարձրաձայնումն է: Վաղը Հանրապետության հրապարակում տեղի կունենա նախաձեռնության անդրանիկ ցույցը:«Մենք ապացուցել ենք, որ «Գազպրոմ Արմենա» ընկերությունը սպառողին խաբում է, ուստի վերջինին ներկայացնում ենք փոխհատուցման պահանջ»,-նշել է «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր մասնակցել են մի շարք արվեստագետներ, ազատամարտիկներ, որոնք ևս միացել են նախաձեռնությանը:

«Ժողովուրդ ջան, մենք ապացուցել ենք, որ ձեզ խաբել են: Կարելի է ասել ձեռքը բռնել ենք գրպանում: Այժմ երկու տարբերակ ունենք ՝ կամ բաց ենք թողնում գողին կամ նրան պատժում ենք»:

Վրաստանում և Հայաստանում իրականացրած գազի կալորիականության ստուգման սեփական փորձից հետո «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը շարունակում է պնդել, որ «Հայ սպառողն ամիսներ շարունակ «Գազպրոմ Արմենա» ընկերությանը վճարել է 30 տոկոս հավելյալ գումար, կարելի է ասել օդի դիմաց: Երգահան Էդուարդ Զորիկյանն էլ անհեթեթ է համարում ընկերության ներկայացուցիչների հակադարձումները , թե գազի հետ օդ խառնելը պայթյունավտանգ է, ուստի նման բան անելն անհնար էր: «Օդ եք խառնում, մեթան, թե բուտան, էական չէ: Էականն այն է, որ ակնհայտ կեղծիք կա»,-ասում է երգահանը:

«Մեր նախաձեռնությունը քաղաքական պահանջներ չի ներկայացնում: Դա քաղաքական կուսակցությունների խնդիրն է: Մենք բարձարցնում ենք կոնկրետ հարցեր, որոնք շտապ լուծան կարիք ունեն»,-ասում է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը: Նախաձեռնությանը միացել են նաև ազատամարտիկներ: Նրանց թվում է հաշմանդամ ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:

Դերասան Գերոգի Հովակիմյանի ընտանիքը ձմռան ամիսներին տաքացել է գազով ու «կրակն ընկել»: Պարզվել է, որ ընտանիքի խղճուկ բյուջեի պայմաններում դա չափազանց մեծ շռայլություն էր: «Փոքրիկ կա տանը, այլ կերպ անհնար էր»,-արդարանում է թանկ հաճույքից օգտված մտավորականը: Օգտվել ու այժմ եկել է պարտքերը մարելու ժամանակը:

Back to top button