Հասարակություն

Քաղաքացիական ակտիվիստները զգուշացնում են. այս անգամ պայքարի ալիքը ավելի մեծ է լինելու

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքը Քաղաքապետարանից փորձել է պարզել, թե որտեղից եւ որքան գումար է ծախսվել կանգառներում տեղադրված թանկարժեք, բայց նորմալ չաշխատող էլեկտրոնային չվացուցակների համար: Քաղաքապետարանը հստակ պատասխան չի տվել, նշելով, որ դա մասնավոր ներդրում է: Շատերը պնդում են, որ նույն գումարը կարելի էր ծախսել, ասենք երթեւեկության ցանցը կարգավորելու ուղղությամբ: Ինչի համար այսօր փորձում են տրանսպորտի թանկացման հիմքեր նախապատրաստել: Ի դեպ` քաղաքացիական ակտիվիստ տնտեսագետներն ունեն իրենց հաշվարկները:

Հանրային տրանսպորտի հնարավոր թանկացումների մասին այսօր խոսելիս` տնտեսագետ-փորձագետ Դավիթ Գեւորգյանը եւ քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը գործընթացը պայմանավորել են քաղաքական գործոնով. ամեն ինչ խառնվել է ուզում են հարմար պահն օգտագործել թանկացումն «անցկացնելու» համար: Տնտեսագետ-փորձագետ Դավիթ Գեւորգյանն ունի հաշվարկներ եւ ուսումնասիրություններ, որոնք միշտ փորձել է ներկայացնել քաղաքապետարանին: Ըստ այդ հաշվարկների՝ տրանսպորտի այսօրվա պայմաններում ինքնարժեքը 70 դրամ է, նույնիսկ 100 դրամի պայմաններում կարելի է ավելի լավ սպասարկում կազմակերպել, քան այսօր է: Քաղաքապետարանի պատվերով միջազգային փորձագետների կատարած ուսումնասիրությունը, ըստ Դավիթ Գեւորգյանի` արժանահավատ չէ: Բոլոր հաշվարկները եւ ստացված եզարակացությունները նույնն են, ինչ մեկ տարի առաջ գրել էր քաղաքապետարանը:

Քաղաքացիական ակտիվիստներն այսօրվանից զգուշացնում են քաղաքային իշխանություններին, որ այս անգամ պայքարի ալիքը ավելի մեծ է լինելու:

Back to top button