Հասարակություն

Փասադենայում կկառուցվի Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթող

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Կալիֆորնիայի հայաշատ քաղաքներից մեկում` Փասադենայում, շուտով կկառուցվի Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթող: Քաղաքի Հիշատակի այգում են գտնվում նաև Վիետնամի և քաղաքացիական պատերազմների զոհերին նվիրված հուշարձանները: Այստեղ նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող կանգնեցնելու համար անցած տարի ապրիլին ձևավորվել էր հատուկ հանձնախումբ` Փասադենայի նախկին քաղաքապետ Բիլ Փափարյանի նախաձեռնությամբ: Հայտարարվել էր մրցույթ, մասնագետներից կազմված ժյուրին 17 հայտից ընտրել էր լավագույնը: Մի քանի օրից արդեն, նախատեսվում է հիմնարկեքի արարողությունը:

Ամերիկյան Փասադենա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողի բացումը նախատեսված է 2015-ի ապրիլի 24-ին: Մինչև այդ, կոթողի կառուցման հանձնախումբը դրամահավաք է իրականացնում`շինարարության ծախսը հոգալու համար: Հանձնախմբի անդամները հայտնեցին, որ մեծ աջակցություն ունեն ոչ միայն հայ համայնքի կողմից և ոչ միայն դրամական. հուշակոթողի կառուցմանն օգնում են նաև մեծ թվով մասնագետներ` իրենց պրոֆեսիոնալիզմն ու ժամանակը ներդնելով ինքնատիպ ու բարդ կառույցի իրականացման գործում: Հուշակոթողն իրոք ճարտարագիտական ու դիզայներական մեծ հմտություններ է պահանջում. նախագծի համաձայն, կկանգնեցվի անցած դարասկզբին թուրքերի կիրառած կախաղանները խորհրդանշող` հինգ մետրանոց մետաղյա եռոտանի, որի գագաթից 21 վայրկյանի պարբերականությամբ պետք է մեկ կաթիլ ջուր կաթի, որը մեկ տարում կկազմի մեկ ու կես միլիոն կաթիլ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի:

«ՄՆ-ում Հայոց ցեղասպանությանը նվիրված այլ հուշարձաններ էլ կան, բայց այս մեկը նշանակալից կլինի իր ազդեցության մասշտաբով, քանի որ Փասադենան ամեն հունվարի մեկին լինում է աշխարհի ուծադրության կենտրոնում. ավելի քան 100 տարի այստեղ է անցկացվում հայտնի Rose Parade, որին մասնակցում են հազարավոր մարդիկ: Դժվար է գերագնահատել հենց այս քաղաքում հուշակոթողի կառուցման նշանակությունՖը: Եվ կարևոր է, որ մեզ աջակցում են ամերիկացի ընտրովի պաշտոնյաները այն դեպքում, երբ ՄՆ-ի պետքարտուղարությունն ու նախագահ Օբաման շարունակում են խուսափել Ցեղասպանություն բառից»,-մեզ հետ զրույցում ասաց Հուշակոթողի կառուցման նախաձեռնող խմբի ղեկավար Ուիլիամ Փափարյանը:

Հայոց ցեղասպանության հուշակոթողի կառուցման աջակիցներից են նաև կոնգրեսականներ Ջուդի Չուն և Ադամ Շիֆը: Ջուդի Չուի կարծիքով հուշակոթողի կառուցումը նախևառաջ, ոճրի կրկնությունը հետագայում կանխելու կարևոր քայլ է. «Այնքան հպարտ եմ, որ իմ ընտրատարածքում կառուցվելու է նման կարևոր հուշակոթող: Երբ երիտասարդ էի, հայերի ցեղասպանության մասին ոչինչ չգիտեի, երբ դարձա ընտրովի պաշտոնյա, սկսեցի հրավիրվել հիշատակի միջոցառումներին, լսում էի ելույթները, ականատեսների պատմածներն ու չէի կարողանում հավատալ, որ 1,5 մլն մարդու սպանությունը կարող է մինչև օրս անտեսվել: Մենք չենք կարող թույլ տալ, որ առաջիկայում էլ անտեսվի ցեղասպանությունը, այն էլ` այդքան զագվածային ցեղասպանությունը»,-ասաց Ջուդի Չուն:

Կոնգրեսական Ադամ Շիֆի բնորոշմամբ, կառուցվելիք`ազդեցիկ ու հզոր հուշարձանը ոչ միայն Հայոց ցեղասպանթյան զոհերի հիշատակի տուրք է, այլև մեծ նշանակություն կունենա օտարներին ու հատկապես` երիտասարդներին մեծ ոճրի մասին իրազեկելու գործում: Նա հայտնեց, որ չնայած Սենատում օրերս ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, իրենք չեն դադարեցնի Ներկայացուցիչների պալատում նույնպես ցեղասպանության բանաձևն առաջ տանելու ջանքերը. «Այս պահին արդեն բանաձևի 50 կողմնակից ունենք Ներկայացուցիչների պալատում: Ես շատ ոգևորված եմ, որ Սենատում իմ գործընկերները ներկայացրին ցեղասպանության բանաձևը, ամենայն հաջողություն եմ մաղթում նրանց, մենք նույնպես կշարունակենք մեր ջանքերը ստորին պալատում: Ընդ որում, պետք է ակտիվացնենք ջանքերը ոչ միայն այս տարի հաջողելու համար, այլև հող նախապատրաստենք 100-ամյա տարելիցին ընդառաջ: Պետք է հաշվի առնել, որ երկրով մեկ ակտիվ միջոցառումները մեծապես նպաստում են Կոնգրեսում առաջ տանել Հայոց ցեղասպանության բանաձևը», — ասաց Ադամ Շիֆը:

Հայամետ կոնգրեսականի գործունեության նոր ուղղությունը քեսաբահայերին ու Սիրիայի մյուս քրիստոնյա համայնքներին օգնությունն է: Նրա բնորոշմամբ, աշխարհն այսօր շատ քիչ է անում սիրիայում քրիստոնյաների նկատմամբ հալածանքը կասեցնելու համար.« Իմ մտահոգությունները հայտնել եմ, թե ինչ է կարող ենք անել քեսաբցիների խնդրին ուշադրություն բևեռելու համար, ու թե ինչպես կարող ենք պաշտպանել նրանց ու Սիրիայի մյուս քրիստոնյա համայնքներին, որոնց կյանքն այսօր վտանգված է: Կոչ եմ ուղղել միջազգային հանրությանը` նաև մարդասիրական ջանքեր ուղղել` օգնելու խիստ խոցելի քրիստոնյա փոքրամասնությանը: Այսօր շատ քիչ բան է արվում Սիրիայում արյուղահեղությունը դադարեցնելու համար: Ես կարող եմ երևակայել անցած դարասկբին ցեղասպանությունն իրենց մաշկին կրած այն հայերի վիճակը, ովքեր այսօր կրկին ոով վռնդվել են իրենց տներից»,-ասաց կոնգրեսականը:

Ադամ Շիֆի խոսքով, առավել անհանգստացնող է այն, որ Ալ-քաիդայի զինյալները Քեսաբը գրոհել են Թուրքիայի բաց սահմանից: «Այդ փաստը պահանջում է առավել մեծ ուշադրության կենտրոնացում, դատապարտում և ջանքերի կրկնապատկում` պաշտպանելու հայ համայնքին ու մյուս քրիստոնյաներին»,-ասաց կոնգրեսականը:

«Չգիտեմ, թե ինչ շարժառիթ է ունեցել Թուրքիան` Ալքաիդայի զինյալների ներխուժումը թույլատրելու հարցում. սա ծայրհեղականներին զինելու և աջակցելու մեծ խնդիր է, որին պետք է վերջ տրվի: Մենք պետք է ճնշում բանեցնենք Թուրքիայի վրա, որ փակի սահմանը ջիհադականների համար, որոնք մտել են Քեսաբ: Նաև ճնշում պետք ` գործադրենք տարածաշրջանի մեր արաբ դաշնակիցների վրա, որ կանխվի իսլամիստականներին զենք մատակարարելու և աջակցելու գործընթացը: Շատ գործ կա անելու այնտեղ»,-ասաց կոնգրեսականը:

Back to top button