ԿարևորՀասարակություն

Շուտով կունենանք ժամանակակից մանկապարտեզներ, նորացված Կենդանաբանական այգի, տեղեկատվական կենտրոններ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Շուտով հանրապետության յուրաքանչյուր շրջանավարտի համար իրենց կրթօջախներում կհնչի «Վերջին զանգը»: Արդեն ավանդույթ է դարձել  միջոցառումները ճոխ ծախսերով նշել ոչ միայն դպրոցներում, այլև ռեստորանային համալիրներում: Երեւանի քաղաքապետարանը  տոնի առթիվ Ազատության հրապարակում կկազմակերպի մեծ համերգ: Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը հուսով է, որ այս տարի շրջանավարտները կնախընտրեն իրենց օրն անցկացնել բացօթյա միջոցառման շրջանակներում` խուսափելով ծախսատար միջոցներից:  

Գաղտնիք չէ, որ «Վերջին զանգի» արարողությունների համար դպրոցներում մեծ գումարներով դրամահավաք է կազմակերպվում, սակայն փոխքաղաքապետը  նշեց, որ երևույթը մշտապես  իրենց ուշադրության կենտրոնում է, նույնիսկ դրա պատճառով  աշխատանքից տնօրեններ են հեռացվել: Երևույթը կանխելու նպատակով անպայման հսկողություն կիրականացվի։

Նախադպրոցական հաստատություններում՝ մանկապարտեզներում էլ հսկողությունն ուժեղացնելու են  սննդի ուղղությամբ,  ասում է Արամ Սուքիասյանը և նշում, որ վերջին շրջանի ուսումնասիրությունների արդյունքում կարգապահական տույժերը սթափության  կոչ պետք է լինեն բոլորի համար: Այս տարի քաղաքային բյուջեից 300 միլիոն դրամ է հատկացվել մանկապարտեզներին՝ նոր գույք ձեռքբերելու համար։ Փոխքաղաքապետը հուսով է, որ 4 տարում կունենանք ժամանակակից մանկապարտեզներ։

Ի դեպ՝ մեր փոքրիկներին Կենդանաբանական այգին  մոտ ապագայում կներկայանա նորովի:  Հունիսի մեկին` Երեխաների պաշտպանության օրը,  կներկայացվի  այգու բարեկարգման աշխատանքների նախագիծը։ Այգին, փոխքաղաքապետի տեղեկացմամբ,  կհամալրվի նոր կենդանատեսակներով:

Երևանը զբոսաշրջիկներ համար հարմարավետ դարձնելու ուղղությամբ քաղաքապետարանում տեղեկատվական կենտրոններ ստեղծելու քննարկումներ են սկսվել։ Ոլորտը վերահսկողները հուսով են, որ տարեվերջին կունենանք անհրաժեշտ կենտրոնները և քարտեզ-ուղեցույցները։ 

Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են նաև անտուն, մուրացիկ  երեխաները: Արամ Սուքիասյանը փաստում է, որ Երևանում մեծացել  է որդեգրող ընտանիքների  թիվը: Այս եռամսյակում որդեգրվել է 6 երեխա, ովքեր։ փոխքաղաքապետի վստահեցմամբ, ապրում են ընտանեկան ջերմ մթնոլորտում: 

Back to top button