Հասարակություն

Հավաքը վերածվեց երթի, երթը` նստացույցի. «Դեմ եմ»- ը դեմ է երկխոսությանը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

«Դեմ եմ» քաղաքացիական շարժումն այսօր Նալբանդյան փողոցում հավաք էր կազմակերպել, որը, ըստ ծրագրվածի, պետք էր երթ- հավաքի վերածվեր դեպի ՊԵԿ` պահանջելու, որ այն եկամտային հարկի և կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից հանեի ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը՝ հնարավորություն տալով աշխատողին սեփական որոշման պարագայում միայն անել կենսաթոշակային վճարումներ: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսայնն այսօր անձամբ հանդիպեց ակտիվիստների հետ և քաղաքակիրթ երկխոսության առաջարկ արեց։

Ապրիլի 8-ին ՊԵԿ տարածած հայտարարությունում նշված էր, որ  եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում և փոփոխվում է Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից։ Պետեկամուտների կոմիտեի այս հայտարարության դեմ էին նաեւ այսօր ընդվզում «Դեմ եմ» քաղաքացիական շարժման ակտիվիստները։

Այսօր «Դեմ եմ պարտադիրին» կոչով «Դեմ եմ» շարժման մասնակիցները որոշել էին երթ կազմակերպել ֆինանսների նախարարությունից դեպի Պետեկամուտների կոմիտե՝ պահանջելով փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ձևում և հնարավորություն տալ գործատուներին աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: Սակայն երթը դեպի ՊեԿ տեղի չունեցավ։

Երիտասարդ ակտիվիստները ֆինանսների նախարության մոտ նստացույց կազմակերպեցին, փակեցին Նալբանդյան փողոցը եւ պահանջեցին, որպեսզի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանն անձամբ իջնի մասնակիցների մոտ և պատասխանի, թե ինչու մինչ օրս ՊԵԿ-ին հրահանգ չի տրվել փոխել էլեկտրոնային հաշվետվությունների ինքնաշխատ ձևը: «Դեմ եմ»- ի պատվիրակությունը հրաժարվեց բարձրանալ նախարարի պաշտոնակատարի մոտ և քննարկել իրենց հուզող հարցերը, ինչի առաջարկը նրան արեց արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ֆինանսների նախարարության դահլիճում երկխոսությունը շարունակելու Տիգրան Սարգսյանի առաջարկը նույնպես մերժվեց։ «Դեմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը նկատեց, որ «չի կարելի երկխոսել Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ»: «Դեմ եմ» քաղաքացիական շարոժումը կոչ արեց նոր հավաք կազմակերպել ապրիլի 12- ին, իսկ կառավարությանը` վաղվա նիստում քննարկել այսօր բարձրացված հարցերը:  «Դեմ եմ»- ը ավարտեց իր այսօրվա շուրջ 4 ժամանոց նստացույց հավաքը, շարժման մասնակիցներո այն ընդհանուր առմամբ գնահատեցին հաջողված։

Back to top button