Քաղաքական

Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի 13- րդ վարչապետը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Քաղաքագետները շարունակում են վերլուծել Տիգրան Սարգսյանի հրաժարականն ու ներկայացնել այն չափորոշիչները, որոնք պետք է նոր  վարչապետն ունենա։ Այսօր թեմային անդրադարձել են քաղաքագետներ Լևոն Շիրինյանն ու Շուշան Խաթլամաջյանը: Վերջինիս դիտարկմամբ՝ ընդդիմությունը հիասթափված ու նեղացած է Տիգրան Սարգսյանից, քանի որ եթե ընդդիմությունը կարողանար պաշտոնանկ անել վարչապետին, դա  ողջունելի և հաղթանակ կլիներ, իսկ հիմա հաղթանակի քաղցրությունը  նախկին վարչապետն  իրենցից գողացել է:

«Կիրթ, զարգացած, աշխարհում շատ բաներ տեսած ու Հայաստանի հետ համեմատած, եվրոպական մտածելակերպով  Տիգրան Սարգսյանի կերպարը  Հայաստանում չաշխատեց, քանի որ մեր երկիրը Եվրոպա չի, շատ մեծ ցանկության դեպքում էլ չենք կարող Եվրոպա դառնալ»,- սա  քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանի  դիտարկումն է: Քաղաքագետին զարմացնում է, որ մարդիկ զարմանում են Տիգրան Սարգսյանի հրաժարականից։ Խաթլամաջյանը նաև նկատել է՝ ընդդիմությունը հիասթափված ու նեղացած է. «Եթե ընդդիմությունը կարողանար պաշտոնանկ անել վարչապետին, դա շատ ողջունելի և հաղթանակ կլիներ, իսկ հիմա հաղթանակի քաղցրությունը վարչապետն իրենցից գողացավ, դրանով դառնություն և հիասթափություն բերեց նոր համախմբան արշալույսին»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հակված չէ մտածելու, որ վարչապետի փոփոխությունը հանկարծակի եղավ ու հրաժարականի հիմքում ճնշումներ չկային:  Մի կողմից քաղաքացիական հասարակությունն էր մեկ տարուց ավելի ընդվզում, մյուս կողմից՝ քաղաքական չորս ուժերն էին  ակտիվացել, վերջնակետն էլ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումն էր: «Ես կարծում եմ, որ բացառապես պայմանավորված է ներքաղաքական զարգացումներով, որը նաև հասունացած էր, ծրագրերը չեն կատարվում, արտագաղթը չի կասցեվում, հոգեբանական վիճակը չի փոխվում: Դուք պատկերացնում եք՝ 28- ի միտինգ քառյակով և վարչապետով, որովհետև այլ բան է Դաշնակցության միավորումը ՀԱԿ-ին, բաց երբ որ ԲՀԿ- ն մտավ շարժման մեջ, օլիգարխիան կիսվեց»,- ասում է քաղաքագետը։

Քաղաքագետներն անուններ չեն նշում, սակայն, թվարկում են այն չափորոշիչները, որոնց նոր կառավարության նոր ղեկավարը պետք է բավարարի: Լևոն Շիրինյանը հիշեցնում է. «Քաղաքական  կուրսը նախագահն է մշակում, այն իրականացնում է վարչապետը, որն ունի պատասխանատվություն, սակայն չունի լիազորություն»:  Քաղաքագետը կարծում է , որ վարչապետ կարող է դառնալ նա, ով ի վիճակի կլինի կասեցնել  արտագաղթը, կբարելավի ՀՀ ժողովրդագրական խնդիրները, բնապհապանական աղետներին վերջ կտա, կպայքարի կոռուպցիայի դեմ: Կառավարության նոր ղեկավարը նաև ինտելեկտուալ պետք է լինի: 

«Քաղաքական ոչ մի լուրջ վերլուծաբան   վարչապետի անուն չի հնչեցնի ,- ասում է քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն ու  ներկայացնում , թե իր կարծիքով ինչպիսին պետք է լինի  նոր վերչապետ։ «Պետք է մի մարդ լինի, որը վաղուց է մեր քաղաքական արենայում, որը կարող է նաև իշխանական լինի, բայց իր ունակություններով հարգանք վայելի, ընդունելի լինի և ԵՄ, ԱՊՀ գործընկերների համար։

Քաղաքագետը կրկին անուններ չի հնչեցնում, սակայն կարծում է, որ Հայաստանում մեկ-երկու նմանատիպ անձնավորություն կա:  Այս օրերին նաև շատ է քննարկվում կոալիցիոն կառավարության ձևավորման հարցը:  Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այս հարցում կտրուկ դիրքորոշում ունի։ «Որպես օրինաչափություն, կոալիցիոն կառավարությունը անդամահատված կառավարություն է: Դա միայն առանձին մարդկանց ամբիցիաները բավարելու համար է, պետությանը ոչինչ չի տա։ Եթե խորհրդարանում կուսակցությունն ունի բացարձակ մեծամասնություն, ի՞նչ կոալիցիայի մասին է խոսքը: Սա նաև ընդդիմությունը ոչնչացնելու ճանապարհ է»,- ասում է։

Back to top button