Հասարակություն

Տիգրան Սարգսյանը հաջողված վարչապետ չէր,- ասում է Գագիկ Մակարյանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Չնայած առաջադիմական որոշ խնդիրների սահմանմանը, բյուջեի ծրագրավորմանը, այդուհահանդերձ՝ Տիգրան Սարգսյանը հաջողված վարչապետ չէր մեր հանրապետության համար»,- սա Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքն է: Տիգրան Սարգսյանն իր վրա վերցրեց 30 խորհուրդների կառավարումն ու որոշակիորեն զրկեց նախարարություններին ֆինանսական կարողությունների ռեսուրսներից,- ասում է Մակարյանն ու հռետորական հարց հնչեցնում՝ գուցե նա գիտեր, թե ինչ թիմի հետ է աշխատում կամ էլ թիմին չէր վստահում:

Եթե գործատուների հանրապետական միության նախագահը գնահատեր նախարարների կատարած աշխատանքը, ապա նրանց մեծ մասն անբավարար կստանար. «Իմ կարծիքով ապագա վարչապետը պետք է լինի այնպիսի անձնավորություն, որը կարողանա ոչ թե զուտ կոնսեսուսի տարբերակով առաջադրվող վարչապետ լինել, այլ այստեղ ավելի շատ պրոֆեսիոնալիզմը իշխի: Պետք է ունենա համառություն, սկզբունքներ, որպեսզի այդ փոխկապակցված, խրթին իրավիճակները, որ առաջացել են տարբեր բիզնեսի շերտերի, օլիգարխների, կոռումպացվածության տեսանկյունից, կարողանա դրան քանդել, պարզեցնել, լուծել»:

Գագիկ Մակարյանը դեռ սպասում է, որ ՀՀԿ-ն Տիգրան Սարգսյանի գործունեության վերաբերյալ պաշտոնական գնահատական հնչեցնի, մինչ այդ, նկատել է՝ վարչապետն էլ աշխատանքից սովորական աշխատողի նման ազատվեց. «ՀՀ Աշխատանքային օրենսգրքով գործատուին, երբ աշխատողը դիմում է, գործատուն իրավունք ունի նրան 30 օր հետո ազատել: Վարչապետի ազատելն էլ նմանվեց սովորական աշխատողի ազատվելուն, երբ նա դիմում է, 30 օր հետո ազատվում է»:

Փաստաբան Նորայր Նորիկյանը վստահ է ՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հիմքում նաև Սահմանադրական դատարանի հայտնի որոշումն է դեր խաղացել: Այժմ արդեն նոր ձևավորվելիք կառավարության առջև բարդ խնդիր է դրված՝ պետք է իրազեկման լայն աշխատանքներ կատարի, համոզի, գուցե և պարտադրի քաղաքացիներին, որ ռեֆորմն ամենալավն է:

«Դեռևս հույս եմ փափայում, որ նոր կառավարությունը՝ կախված, թե այսեպս ասենք, ինչ բլոկից կամ ինչ հատվածից կնշանակվի վարչապետը և որքանով նա հակված կլինի կոնսոլիդացնելու ուժերը, իմ կարծքիով կարող է և տարբերակ լինել, որ այդ օրենքի կիրակումը դեռևս սառեցվի»:

Փաստաբանը չի շտապում գործատուներին հորդորել, որ կուտակային բաղադրիչի պարտադիր վճարումները կատարեն, միևնույնն է սեպտեմբերի երեսունից տեո դրանք հետ են վերադարձվելու: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ ընդգծում է՝ գործատուն վճարում է քաղաքացու փոխարեն ու պետությանը ծառայություն է մատուցում, քանի որ նա պարտավոր չէ, հոգ տանել, որպեսզի գումարները համապատասխան ֆոնդերին հասնեն, գործատուի խնդիրը պայմանագիր կնքելն է, աշխատավարձ տալը . «Ծառայության դիմաց պետք է մոտիվացիա լինի, տարբերակներից մեկը կարող է լինել , որ այդ գումարները հավաքվեն ու մի երեք ամիս մնան գործատուի տրամադրության տակ, որը նա կարողէ դնել շրջանառության մեջ՝ իր արտադրությունները զարգացնելու կամ արտահանման համար մի ցիկլ իրականացնելու համար: Իմ կարծիքով երեք ամիսը բավարար ժամանակ է»:

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը վստահեցնում է՝ պայքարելու է մինչև վերջ, որ պարտադիր վճարումների մասով գործատուի տույժ տուգանքները առնվազն վերանայվեն: Դրանք իրենց ուժգնությամբ նույնն են ինչ-որ հարկեր չվճարելու համար սահմանված գումարներն են: «Ամբողջ երկիրը վերածվելու է տուգանային հրապարակի» ,- սա էլ Փաստաբան Նորայր Նորիկյանի դիտարկումն էր:

Back to top button