Քաղաքական

Պաշտոնական ճաշի ընթացքում Սերժ Սարգսյանը խոսել է հայ- թուրքմենական դարավոր բարեկամության մասին

Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր երեկոյան նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն։ Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը փոխադարձ բաժակաճառերում անդրադարձել են հայ և թուրքմեն ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու պատմական անցյալին, երկու երկրների հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և այդ հարաբերությունների շարունակական խորացման ու փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին։

Հայաստանի նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ հայ-թուրքմենական հարաբերությունների, Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին հնչեցրած ջերմ խոսքերի համար: Սերժ Սարգսյանը խոսելով երկու ժողովուրդների պատմականորեն ձևավորված հարաբերությունների մասին՝ նշել է, որ դրանք հարյուրամյակների պատմություն ունեն՝ հայ-թուրքմենական առաջին շփումները հասնում են մինչև 13-15-րդ դարեր: Նախագահի համոզմամբ՝ պատմական անցյալը վկայում է երկու ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի, դժվարին պահին միմյանց աջակցելու պատրաստակամության վրա հիմնված խորը հարաբերությունների մասին:

Սերժ Սարգսյանն այդ համատեքստում երախտագիտությամբ է հիշել բարեկամ թուրքմեն ժողովրդի սրտացավ և հյուրընկալ վերաբերմունքը դժվարին իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր որպես փախստականներ լաստանավերով հասել են նախկին Կրասնովոդսկ՝ փնտրելով փրկություն 20-րդ դարի ինչպես սկզբում, այնպես էլ վերջում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ժամանակ:

Նախագահը գոհունակությամբ է խոսել Թուրքմենստանում տարբեր բնագավառներում զգալի հաջողությունների հասած հայերի մասին, ընդգծելով, որ նրանք միշտ պատրաստակամությամբ և անկեղծ ցանկությամբ են մասնակցություն ունեցել Թուրքմենստանի զարգացման, հետագա բարգավաճման գործին: Թվարկելով մի շարք անուններ՝ նախագահը նշել է, որ այդպիսի անունները և օրինակները հայ և թուրքմեն ժողովուրդների բարեկամական հարաբերությունների պատմության մեջ մեծաթիվ են: Սերժ Սարգսյանը կարևորել է հարաբերությունների նման բնույթը պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը, որին է միտված նաև ՀՀ նախագահի պաշտոնական այցը Թուրքմենստան:

Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է բաժակ բարձրացնել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման ու երկու երկրների ժողովուրդների խաղաղության և բարեկեցության համար։

Իսկ մինչ այս նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի) դամբարան, մզկիթ և Թուրքմենստանի Սահմանադրության հուշարձան: Հայաստանի նախագահը ծաղկեպսակներ է դրել Թուրքմենբաշու դամբարանում և Սահմանադրության հուշարձանին: Սահմանադրության հուշարձանի պատվավոր հյուրերի արահետում Սերժ Սարգսյանը նաև ծառ է տնկել:

Back to top button