ԿարևորՔաղաքական

Ուկրաինական ճգնաժամից մինչեւ Հայաստանի ՄՄ անդամակցություն

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Որքանով էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցով ՄԱԿ-ում ներկայացված բանաձեւին դեմ քվեարկելու Հայաստանի որոշումն ինքնուրույն` հաշվի առնելով, որ նախապես Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր ձեռնպահ քվեարկելու մասին: Այս հարցին այսօր անդրադարձել են Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը եւ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ուկր աինական ճգնաժամի հարցով Հայաստանը բավականին բարդ իրավիճակում էր գտնվում` նկատեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ վերլուծաբանի` կատարված քվեարկույթունն էլ վկայում է, որ Հայաստանի նկատմամբ ճնշումներ են կիրառվել: «Հայ-ռուսական հարաբերություններն ինչ-որ չափով առեւտրային հարաբերություններ են եւ այդ առեւտրում Հայաստանը որոշ գին ունի վճարելու»,-եզրակացրեց քաղաքագետը:

Իրականում Հայաստանի մանեւրելու եւ ազատ գործելու տարածքը գնալով նեղանում է: Նման միտում կա եւ ես կիսում եմ այդ կարծիքները` ասաց բանախոսը: Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, այնուամենայնիվ, այդ միտումը հաշվի առնելով նաեւ, պետք է ասել, որ հայաստանի արտաքին քաղաքականությունը դեռեւս ուժեղ դիրքերում է գտնվում` հաշվի առնելով թուրք-ադրբեջանական սխալները: «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, սակայն, ՄԱԿ-ում քվեարկության որոշումն, իհարկե, ընդունել է հենց Հայաստանը` բնականաբար հաշվի առնելով արտաքին ուժերի հնարավոր ազդեցությունների չափը:

Այդպիսին է ընդհանրապես համաշխարհային քաղաքականությունը` ոչ մի պետություն որոշումներ չի կայացնում իր շուրջը տեղի ունեցող իրադարձություններում եւ, անգամ, ԱՄՆ-ն: Հենց դա է ցույց տալիս այն իրավիճակը, որ ստեղծվել է Ուկրաինայի շուրջ ներկայումս: Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ` Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը սխալ էր: Ըստ նրա` այդ սխալի համար Հայաստանը դեռեւս մեծ գին չի վճարում, անպայման էլ չէ, որ վճարի, քանի որ ամբողջ ճնշումներն ուղղված են Ռուսաստանի եւ նախագահ Պուտինի վրա:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` Հայաստանի որոշման համար երկու պատճառ կար` Ռուսաստանի դիրքորոշման ազդեցությունը եւ երկրորդը` Ղարաբաղի խնդիրը: Քաղաքագետն ասաց, թե ինքը Հայաստանի քվեարկությունը չի համարում Ուկրաինայի դեմ ուղղված, այլ` դա Հայաստանի դիրքորոշումն է այն իրավիճակում, որում նա գտնվում է: Հայաստանի քվեարկությունը միանգամայն հասկանալի է բոլոր կողմերի համար` համոզմունք հայտնեց Քաղաքագետը: Հետեւաբար, ըստ նրա` այն չի կարող որեւէ ազդեցություն ունենալ Հայաստանի հետագայի վրա:

Քաղաքագետները խոսեցին նաեւ Հայաստանի արտաքին քաղաքակության մեջ վերջին 4 տարիների ամենամեծ սխալի մասին: Ռիչարդ Կիրակոսյանը, մասնավորապես, կարծիք հայտնեց, որ դա սեպտեմբերի 3-ն էր: Ըստ նրա` հիմա պետք է հարթել դրա հետեւանքները, քանի որ Հայաստանը պետք է վերագտնի իր վստահությունն արեւմտյան գործընկերների շրջանում: Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոնի տնօրենը կարծիք հայտնեց, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի շատ հիմնված է ուրիշների, մասնավորապես` թուրք-ադրբեջանական սխալների վրա, քան սեփական հաջողությունների:

Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, թե մասամբ է համաձայն գործընկերոջ գնահատականների հետ: Կովկասի ինստիտուտի տնօրենը մասնավորապես շեշտեց, որ սեպտեմբերի 3-ն ամենեւին էլ չի կարելի հայոց դիվանագիտության սխալ համարել, քանի որ այդ որոշումն այլընտրանք չուներ եւ ցանկացած նախագահ սեպտեմբերի 3-ին նման որոշում էր կայացնելու: Մեկ հարցով էլ քաղաքագետները համակարծիք էին` Մաքսային միությունը ԽՍՀՄ-ի վերականգնում չէ, այն սկզբունքորեն այլ բան է` կստացվի, թե ոչ` ժամանակը ցույց կտա:

Back to top button