Հասարակություն

Միջազգային փորձագետները Երեւանի քաղաքային տրանսպորտի սակագին չեն առաջարկել, ասում է Պիպոյանը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամներն իրենց վերջին նիստում մեկ ժամից ավելի լսել են «Այ Փի Սի Էս» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների միջազգային ինստիտուտի կատարած հաստափոր ուսումնասիրության արդյունքները։ Նպատակն այն էր, որ վերջում հայտարարվեր տրանսպորտի թանկացման անհրաժեշտության մասին: Հանձնաժողովի անդամներից Բաբկեն Պիպոյանը, ով «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավարն է, մանրամասն ուսումնասիրել է միջազգային փարձագետների վերլուծությունը եւ այսօր հրապարակում էր բազմաթիվ սխալներ, թերություններ եւ բացթողումներ, որոնք տեղ են գտել ուսումնասիրության մեջ։

Աշխատանքն ավելի շուտ կարելի էր վերնագրել «Զավեշտալի մաթեմատիկա», ասել է նա՝ ավելացնելով, որ միջազգային փորձագետները հրաժարվել են պատասխանատվության մի մասից` նշելով, որ նույնիսկ վերջնական սակագնի եզրակացությունն իրենցը չէ։

Ըստ Պիպոյանի՝ ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովն աշխատում է հստակ սկզբունքով` սրտացավություն քաղաքացու հանդեպ չկա: Երեք տասնյակից ավելի մարդկանց շարքում ընդամենը մի քանիսն են պաշտպանում սպառողի շահերը, ասում է հասարակական գործիչը։

Նրա ղեկավարած «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» կազմակերպությունը, երբ փորձել է հենց միջազգային կազմակերպությունից պարզել անորակ եւ սխալներով լի ուսումնասիրության պատճառը, այնտեղից պատասխանել են, որ շատ բանից տեղյակ չեն: Խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել փաստաթղթի էջերի վրա նշված հեղինակային իրավունքի նշանին: Որ էջի վրա այդ նշանը կա, պատասխանատունն «Այ Փի Սի Էս» ն է, որի վրա չկա` իրենք դրա հետ կապ չունեն: Ըստ այդ տրամաբանության ստացվում է, որ բարձր սակագները պարտադրող հաշվարկը միջազգային փորձագետներինը չէ: Ուսումնասիրության մեջ նույնիսկ վառելիքի գինն է սխալ հաշվարկած, շարունակում է փաստաթղթի վերլուծությունը Բաբկեն Պիպոյանը:

Ի դեպ` ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովն այժմ փորձում է կարճաժամկետ լուծումներ գտնել: Դրա փոխարեն, ըստ Բաբկեն Պիպոյանի, Երեւանի քաղաքապետարանը պետք է պարզապես զբաղվեր տրանսպորտային ցանցի բարելավմամբ: Երեւանի տրանսպորտի հարցում միայն այս մեկ վերլուծությունը չի արվել: Կան նաեւ այլ ուսումնասիրություններ, որոնք փաստում են. տրանսպորտի վարձի օպտիմալ գինը մայրաքաղաքի համար կարող է լինել նաեւ 80 դրամից մի քիչ ավելի:

Back to top button