ԿարևորՀասարակություն

Կարեն Անդրեասյան.«Որևէ պաշտոնյա իրավունք չունի հայհոյել կամ բռնություն գործադրել» (լրացված)

լրացված է ժամը 17։22- ին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մարդու իրավունքների պաշպան Կարեն Անդրեասյանը պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամին առայժմ վճարում չի կատարել և դեռ չի էլ կողմնորոշվում՝ Սահմանադրական դատարանի  ապրիլի 2-ի որոշումից հետո պարտավո՞ր է փոխանցել այդ  վճարները, թե՞ ոչ: Օմբուդսմենն ասում է՝  նույն վիճակում են  նաև ՄԻՊ գրասենյակի մոտ 40 իրավաբանները։ «Մենք բոլորս  մոլորված ենք, որովհետև չենք հասկանում, թե  ինչպես մեկնել Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի 6-րդ և 7-րդ կետերի աններդաշնակությունը»։

Այդ աններդաշնակությունը, ըստ օմբուդսմենի,  թույլ է տալիս ՍԴ որոշման եզրափակիչ մասը մեկնաբանել 2 եղանակով. հիմնվելով 6-րդ կետի վրա՝ պնդել,  որ այն, ինչ հակասահմանադրական է, չի կարող պարտադիր լինել, սա անում են « Դեմ եմ» նախաձեռնության անդամներն ու համակիրրները: Եվ  ընդհակառակը՝ հիմք ընդունելով որոշման 7-րդ կետը պնդել , որ օրենքի գործողությունը երկարաձգված է մինչև սեպտեմբերի 30-ը, ուրեմն՝ պարտադիր վճարումները պետք է արվեն: Սա անում են պետական կառույցներն ու նաև ՍԴ անդամները: Թե որ կողմն է ճիշտ մեկնաբանում, Կարեն Անդրեասյանը առայժմ չգիտի։ «Անհասկանալի է, թե որոշումից հետո ես կամ դուք ինչ պետք է անենք: Մասնագետներով դեռ փորձում ենք խելք խելքի տալ ու գտնել այս հանելուկի պատասխանը»։

Իսկ մինչև հանելուկի պատասխանը  գտնելը՝ օրակարգում ընթացիկ խնդիրներ են: Օմբուդսմենը ներկայացրել է 2013 թ. տարեկան զեկույցը ։ Այն  նախորդներից ավելի  ծավալուն է,  բայց նախորդների պես՝  մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները ներկայացնում է ըստ գերատեսչությունների: Մոտ 25 պետական կառույցի գործունեություն  զեկույցում դիտարկվում է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Ամենաթերացած կառույցներն այն գերատեսչությունները չեն,   որոնցում նշվել են  ամենամեծ թվով խնդիրները: Դրանք, օրինակ, ամենաշատն են սոցիալական ապահովության ոլորոտում, բայց իրավունքների պաշտպանության առումով Պաշտպանն այս ոլորտն ամենախնդրահարույցը չի համարում և թերացող  գերատեսչությունների եռյակը կազմում է հետևյալ հաջորդականությամբ: «Թերացումներ տեսնում ենք առաջին հերթին դատախազության համակարգում , ապա՝ դատական ոլորտում և երրորդ գլոբալ խնդիրը, որ տեսնում ենք,  տնտեսական իրավունքների պաշտպանության բլոկն է։ Դրանք Պետեկամուտների կոմիտեն և ՏՄՊՊՀ-ն են»:

Որպես կանոն՝ պաշտպանի զեկույցներին հետևում են պետական կառույցների՝ հիմնականում կոշտ, երբեմն անհանդուրժող  հակադարձումները: Կարեն Անդրեասյանն այդ քննադատությունը  ոչ միայն նորմալ է համարում, այլ նաև դրա  հաճելի կողմերն է տեսնում: «Ի՞նչն է հաճելի: Տարիների ընթացքում փոխվում է քննադատության որակը, նաև հակադարձումների քանակն է նվազում: Շատերն են սկսել հասկանալ, որ մենք այդ ցավերըև չենք ստեղծում կամ հորինում, այլ եղածները հնարավորինս մասնագիտորեն ներկայացնում ենք»:

Իսկ ամենակարևորը օմբուդսմենը համարում է այն, որ քննադատությունն արդյունք է տալիս:
Ինչքան էլ իրենք, այսպես ասենք, լեզվին են տալիս, միևնույնն է՝ վերջում անում են այն, ինչը պետք է անեն ըստ օրենքի»։ Օրինակ՝ արդարադատության ոլորտին վերաբերող  աղմկոտ զեկույցը, որտեղ օմբուդսմենը Արդարադատության խորհրդի ու Վճռաբեկ դատարանի գործունեությանն էր անդրադարձել, անգամ դատարաններում տրվող կաշառքի սակագներ էր նշել, ըստ Կարեն Անդրեասյանի, որոշակիորեն զգաստացրել է համակարգի ներկայացուցիչներին։ Փաստաբանների պալատն ու Վճռաբեկ դատարանն սկսել են համագործակցել, դատական համակարգը սկսել է ավելի թափանցիկ գործել՝ ասուլիսներ են հրավիրվում, վիճակագրություն է ներկայացվում:

Եվ պաշտպանի ամենավերջին նախաձեռնության մասին. երեկ  Կարեն Անդրեասյանը հրապարակել էր մի ձայնագրություն, որը նրան փոխանցել էր  32-ամյա Արման Գասպարյանը՝ հայտնելով, որ արդարադատության նախարարության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել: Պաշտպանը  դիմել  էր  Հատուկ  քննչական ծառայություն և արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ  ձեռնարկել:  Կարեն Անդրեասյանն այսօր ասաց, որ սպասում է իր կողմից հրապարակված փաստի  առիթով նշանակված ծառայողական քննության արդյունքներին և համարժեք  արձագանք է ակնկալում։

Երեկ, ի դեպ, փաստի առումով   ծառայողական քննություն  է նշանակվել  արդարադատության նախարարության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման և նույն վարչության  հատուկ նշանակության բաժիններում, երկու պաշտոնյայի լիազորություն էլ ժամանակավորապես դադարեցվել է: «Նման գործողությունների համար  չկա որևէ արդարացում կամ բացատրություն: Մենք հուսով ենք, որ կլինի համարժեք արձագանք, և սա օրինակ կդառնա այն պաշտոնյանիերի համար, ովքեր սիրում են ազատություն տալ իրենց ձեռքերին կամ լեզվին»,- ասում է ՄԻՊ- ը։

Back to top button