ՄիջազգայինՏեսանյութ

Ծեծկռտուք՝ Գերագույն Ռադայում

Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկ, Խարկով, Լուգանսկ, Նիկոլաեվո քաղաքներում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Շրջանների կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնել պահանջող ռուսամետ ուժերի և Ուկրաինայի գործող իշխանությունների կողմնակիցների միջև պայքարը շարունակվում է, կան տասնյակ տուժածներ և ձերբակալվածներ:Վարչական շրջանները պարբերաբար անցնում են այս կամ այն հակամարտող ուժի վերահսկողության տակ: Դոնեցկից հետո այսօր էլ Խարկովում ռուսամետ ուժերը հայտարարել են շրջանի անկախության հռչակման մասին:

Տուրչինով.«Կիևը թույլ չի տա Ուկրաինայի թշնամիներին կրկնել Ղրիմի սցենարը»

Պաշտոնական Կիևը արդեն մի քանի օր երկրի արևելյան շրջաններում տեղի ունեցող իրադարձություններն ընկալում է, որպես իշխանության բռնազավթման և երկրի տարածքային ամբողջականության խախտման փորձ: Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը երեկ երեկոյան հանդես է եկել հեռուստաուղերձով, որի ընթացքում հայտարարել է, որ Կիևը թույլ չի տա Ուկրաինայի թշնամիներին կրկնել Ղրիմի սցենարը: «Մենք կամրացնենք երկրի սահմաններն ու հակաահաբեկչական միջոցառումներ կիրականացնենք», ասել է Տուրչինովը:

Ծեծկռտուք՝ Գերագույն Ռադայում

Ի դեպ, նախագահի պաշտոնակատարի առաջարկով, Գերագույն Ռադան այսօր խստացրել է անջատողականության համար սահմանված պատիժը: Այդ հանցատեսակն այսուհետև ենթադրում է մինչև 15 տարվա ազատազրկում: Ռադայի այսօրվա նիստի ժամանակ պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. Ուկրաինայի կոմունիստական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Պյոտր Սիմոնենկոն պաշտոնական Կիևին է մեղադրել երկրի արևելքում լարվածություն ստեղծելու մեջ: «Դուք ձերբակալում եք մարդկանց, ահաբեկում, դուք պայքար եք մղում այլախոհության դեմ», ասել է Սիմոնենկոն: Պաշտոնյայի վրա հարձակում են գործել «Ազատություն» կուսակցության պատգամավորները, գործի դնելով բռունցքներ: Հարաբերություններն ուժի միջոցով պարզող քաղաքական այրերին ստիպված են եղել բաժանել մյուս երեսփոխանները:

Back to top button