Քաղաքական

ԵԽԽՎ-ում ընդունվեց Քեսաբի դեպքերը դատապարտող հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հրապարակել է հայկական պատվիրակության պատրաստած «Քեսաբ. դատապարտելով ահաբեկչական հարձակումը Սիրիայի քաղաքացիների վրա»
հայտարարությունը հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:ԵԽԽՎ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պատագամավորներն անհանգստություն են հայտնել տեղահանված քեսաբահայերի վերաբերյալ և կոչ են արել միջազգային հանրությանը հետաքննել ահաբեկչական խմբերին ցուցաբերած թուրքական աջակցության մասին տեղեկությունները:

«Խորհրդարանական վեհաժողովի ներքոհիշյալ անդամներն իրենց խոր մտահոգությունն են հայտնում Սիրիայի հյուսիս-արևմուտքում`գլխավորապես հայերով բնակեցված հնագույն Քեսաբ քաղաքի շրջակայքում վերջերս իրավիճակի սրացման կապակցությամբ: Վերջին հարձակումները իրականացվել են սահմանի երկայնքով Թուրքիայի տարածքից` «Ալ Քաիդային» հարող ահաբեկչական խմբավորումների կողմից: Հիմնականում խաղաղ բնակչության դեմ ուղղված դաժան գործողությունների արդյունքում բռնի տեղահանությունների են ենթարկվել տեղի բնակիչները: Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և զգալի վնաս պատճառել բնակիչների սեփականությանը: Սա շարունակական մարդկային ճգնաժամ է: Հաշվի առնելով Սիրիայի զինված հակամարտության պայմաններում ազգային և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում` հայերի պաշտպանության հրատապությունը` մենք խստորեն դատապարտում և անընդունելի ենք համարում նման ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության դեմ` անկախ նրանց ազգային և կրոնական ինքնությունից»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵԽԽՎ անդամները նաև կոչ են արել թուրքական իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել և թույլ չտալ ծայրահեղական խմբավորումներին օգտվել իր տարածքից: Ինչպես նաև պահանջել հետաքննել ահաբեկչական խմբերին ցուցաբերած թուրքական աջակցության մասին տեղեկությունները: «Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի փախստականների, այդ թվում` հայերի անվտանգությունը և ապահովությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծի` հեշտացնելով նրանց շուտափույթ, անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակության վայրեր, ինչպես նաև մարդասիրական օգնություն տրամադրի նրանց հրատապ կարիքները հօգալու համար»,- նշել են պատգամավորները:

Back to top button