Հասարակություն

«Դեմ եմ»- ը նախատեսում է ակցիա ֆինանսների նախարարության դիմաց

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ապրիլի 9- ին 11:30- ին ֆինանսների նախարարության դիմաց կկայանա «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիան: Ակցիայի նպատակն է դնել հստակ պահանջներ և պահանջել ըստ ժամանակացույցի կատարել դրանք: Շարժման անդամները կարծում են, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ խոցելի է ոչ միայն աշխատողը, այլև գործատուն: Երիտասարդներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ ներկայացնելու են սահմանադրորեն հիմնավորած պահանջներ և չեն հանձնվելու մինչև այդ պահանջների վերջնական բավարարումը: Նրանք նաև հայտնել են, որ վերջնաժամկետի առումով ևս առաջնորդվում են ՍԴ որոշման մեջ տեղ գտած այն պնդմամբ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող ենթադասվել տեխնիկական ու կազմակերպչական տարաբնույթ հանգամանքներին:

«Դեմ եմ»- ը պատրաստվում է բողոքի հերթական ակցիային։ Այն տեղի է ունենալու ապրիլի 9-ին ֆինանսների նախարարության մոտ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին շարժման ակտիվիստները:  Վերլուծելով ՍԴ որոշումից հետո առաջացած իրավիճակը՝ Դավիթ Դավթյանը նկատեց, որ այժմ խնդիրներ են առաջանում ինչպես գործատու-աշխատող, այնպես էլ գործատու պետական գերատոսչություն շփումներում։ «Աշխատակիցը ՍԴ որոշմամբ իրավունք է ստացել արտահայտելու իր կամքը` տնօրինելու իր իսկ սեփականությունը: Մյուս կողմից գործատուն օրենքի 76-րդ հոդվածի համաձայն ստիպված է ամեն դեպքում չվճարված գումարների համար տուգանքի ենթարկվել: Փաստորեն՝ գործատուն հայտնվել է շատ զգայուն վիճակում»,- ասում է։

Լավ գիտակցելով, որ ստեղծված իրավիճակն իր անմիջական ազդեցությունն է ունենալու նաև բիզնես միջավայրի վրա` «Դեմ եմ»- ի անդամները  ապրիլի 9-ին ներկայացնելու են իրենց հստակ պահանջները ու պահանջելու են կատարել դրանք հստակ ժամանակացույցով: «Պահանջում ենք հաշվետվության ձևի ինքնաշխատ դաշտը կուտակային վճարների խմբագրելի դարձնել: Պահանջում ենք, որպեսզի գործատուն հնարավորություն ունենա զրոյացնելու այդ դաշտը»,- ներկայացրեց Վահան Դուրինյանը։

«Դեմ եմ»- ի երկրորդ պահանջն  է անհապաղ ընդունել ակտ, որով կամուրջ հաշիվներին փոխանցված գումարները պետք է արագ հետ վերադարձվեն:  Շարժման անդամները խնդրում են ՀՀ բոլոր քաղաքացիներին անտարբեր չլինել և միանալ պայքարին, քանի որ խնդիրն առնչվում է բոլորին։ «Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին չանտեսել այս գործընթացը, քանի որ սա վերաբերում է բոլորին: Եթե դուք չեք աշխատում այսօր, վաղը կաշխատեք, եթե դուք թոշակառու եք, ձեր երեխան է աշխատում, եթե ուսանող եք, վաղը կաշխատեք: Պետք չէ մտածել, որ ինչ- որ քանակի մարդիկ զբաղվում են այս հարցով, ուրեմն թող զբաղվեն: Խնդրում եմ բոլորին մասնակցել և միահամուռ ուժ ցույց տալ գերատեսչություններին»։

Ֆինանսների նախարարությունից  ակցիայի մասնակիցները շարժվելու են դեպի Պետեկամուտների  կոմիտե, սակայն եթե ֆինանսների նախարարությունը բավարարի երիտասարդների պահանջները, շարժման ակտիվիստները հավաստիացրեցին, որ չեն շարունակի բողոքի ակցիան։

Back to top button