Հասարակություն

Վահագն Հովնանյան.«Ժողովուրդն ինքը պետք է գնահատի վարչապետի փոփոխությունը ճիշտ էր, թե՞ ոչ»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի վարչապետի հրաժարականին այսօր անդրադարձել եւ նոր կառվարությունից սպասելիքների մասին է խոսել սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը: Սփյուռքահայ գործարարի կարծիքով` կարեւորն այն է, որ ժողովուրդն ինքը զգա տարբերությունը եւ գնահատի վարչապետի փոփոխությունը ճիշտ էր, թե ոչ: Հովնանյանի խոսքով` պետք է թողնել, որ ժողովուրդն ինքը զգա այդ տարբերությունն ու արտահայտվի:

Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի խոսքով, ամեն դեպքում, յուրաքանչյուր փոփոխություն իր դրական կողմերն ունի: Ըստ նրա` չկա մի պաշտոնյա, որը միայն լավը լինի, կամ միայն վատը: Ոսկյա միջինը կարելի է միայն մաղելուց հետո գտնել` հասկանալով, թե քայլերից որն էր լավը, որը վատը` ասաց Վահագն Հովնանյանը: Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակահատվածի սխալներից սփյուռքահայ գործարարն առանձնացրեց աղմկահարույց Կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրը:

«Կարծես թե` լավ մտածված չէր, կամ օրենքներ չկային համաձայն այդ ամենի: Ըստ լսածիս` ամեն քայլն օրենքով չէր արված»:
Սփյուռքահայ գործարարը նկատեց, որ տվյալ խնդրում ամենակարեւորն այն էր, որ ժողովուրդը հանկարծակիի եկավ եւ դա է ամենալավ ցուցանիշը: Ըստ բանախոսի` ժողովուրդն ատեց այդ լուրը, քանի որ մարդկանց սոցիալական վիճակը վատ է եւ նրանցից անգամ 1 տոկոս գումար պահելն է արդեն շատ, ուր մնաց` 5 տոկոսը: Վահագն Հովնանյանը կարծում է, որ եթե բարեբեր ժամանակներում նման քայլ արվեր` արձագանքը այլ կլիներ գուցե:

Ինչ վերաբերում է երկրի տնտեսությանն, ընդհանուր առմամբ, սփյուռքահայ գործարարի գնահատմամբ, առաջընթաց քայլերն էին շատ դանդաղ: Որ երկիրն առաջ չէր գնում` երեւում էր բոլոր կողմերից` ձեւակերպեց նա: Ինչպիսի վարչապետ է Հայաստանին անհրաժեշտ. Վահագն Հովնանյանն այս առումով միայն մեկ բնութագրիչ ներկայացրեց` «գործ ստեղծող»: Այդ իմաստով, ըստ նրա, ամեն ինչի տնօրինողը վարչապետն է եւ հենց նա էլ պետք է կիրառի օրենքները եւ կարողանա գործ ստեղծել, որ բնակիչները չհեռանան երկրից: Վահագն Հովնանյանը նկատեց, որ փոքր բիզնեսի անհրաժեշտությունը շատ կա, մինչդեռ` բանկերը բարձր տոկոսներով են գումար տրամադրում, իսկ շատ դեպքերում էլ գումարները գնում են ոչ այս ուղղությամբ:

Հարկային բեռով, կարծես փորձ է արվում փոքր բիզնեսի վերջին արյունը վերցնել` ձեւակերպեց սփյուռքահայ հայտնի գործարարը: Օլիգապոլ համակարգին առնչվող հարցին էլ արձագանքելով` Հովնանյանն այսպես ձեւակերպեց. «Վարչապետն է, որ օրենքները պետք է հետապնդի, եթե նա չի կարող աշխատացնել այդ օրենքները` սխալ մի բան կա մեջը»:
Վահագն Հովնանյանը չհստակեցրեց, թե ում կցանկանար տեսնել վարչապետի պաշտոնում: Շեշտեց միայն, որ օրենքը պիտի աշխատի եւ կարեւորը դա է, որ վարչապետն ու իր կառավարությունը կարողանա հենց այդ անել` եզրափակեց սփյուռքահայ գործարարը:

Back to top button