ԿարևորՔաղաքական

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից մինչեւ Քեսաբի իրադարձություններ. մեկնարկեց ԵԽԽՎ նստաշրջանը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Այսօր Ստրասբուրգում մեկնարկել  է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որի օրակարգը բավականին հագեցած է: Հայաստանի պատվիրակները մտադիր են անդրադառնալ քեսաբահայության խնդրին, իսկ նստաշրջանի հիմնական ինտրիգը Ռուսասատանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների հարցն է:

Վեհաժողովի պատվիրակներն այսօր քվեարկությամբ որոշել են, որ ապրիլի 10-ին կքննարկեն Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների վերանայմանը վերաբերող զեկույցը: Զեկույցի պատրաստումը, ԵԽԽՎ Բյուրոյի որոշմամբ, հանձնարարվել է մոնիթորինգի հանձնաժողովին: Զեկույցը պետք է պատրաստվի անգլիացի եւ ռումինացի պատվիրակների հեղինակած բանաձեւերի հիման վրա: Դրանցից մեկով առաջարկվում է դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, մյուսով՝ վերանայել այս երկրի պատվիրակության հիմնական լիազորությունները: Քննարկումից հետո հարցը դրվելու է քվեարկության, որին Ռուսաստանի պատվիրակները, ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, մասնակցելու իրավունք չունեն:

«Ռադիոլուրի» հետ զրույցում Հայաստանի պատվիրակության անդամներից Նաիրա Զոհրաբյանը տեսակետ է հայտնել,  որ թեև Ուկրաինան պնդում է ամենախիստ միջոցների ձեռնարկումը, բայց  ԵԽԽՎ-ն թերևս ձեռնպահ մնա կոշտ պատժամիջոցների կիրառումից ու գնա միջանկյալ լուծումների ճանապարհով: «Քաղաքական բոլոր խմբերում քննարկվող հիմնական հարցը Ռուսաստանի նկատմամաբ կիրառվելիք պատժամիջոցներն են: Իմ տպավորությամբ՝ ԵԽԽՎ-ն չի գնա ամենավերջին սանկցիային ՝ պատվիրակության լիազորությունների դադարեցմանը: Իրենք էլ հրաշալի հասկանում են, որ Ռուսասատանը տարեկան 22 մլն եվրո անդամավճար է մուծում ԵԽ բյուջեին։ Բացի այդ՝ կոպիտ սանկցիաններին կարող են հաջորդել Ռուսաստանի կտրուկ քայլերը: Այդ պատճառով ԵԽԽՎ-ն, կարծում եմ, միջանկյալ տարբերակ կընտրի՝ սանկցիաներ կլինեն, բայց ոչ ամենախիստը»։

Թե ինչ պատժամիջոցներ կկիրառի ԵԽԽՎ-ն Ռուսաստանի նկատմամբ, պարզ կդառնա ապրիլի 10-ին: Իսկ  հարցը, թե ինչպես կքվեարկի Հայաստանի պատվիրակությունը, ըստ Զոհրաբյանի,   կախված է փաստաթղթի տեքստից:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անդամները հանդես են եկել Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ։ Այդտեղ Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում իրենց տարածքը չտրամադրել ահաբեկչական կազմակերպություններին, քանի որ Քեսաբի վրա հարձակումը տեղի է ունեցել հենց Թուրքիայի տարածքից։ Հայաստանի պատվիրակության պատրաստած փաստաթղթին արդեն միացել են մի շարք երկրների պատվիրակներ։ Նշենք, որ անհրաժեշտ է, որպեսզի հայտարարությունն ստորագրեն 20 պատգամավորներ՝ 4 տարբեր երկրներից և 2 քաղաքական խմբերի ներկայացուցիչներից։ Ստորագրությունների ամբողջացումից հետո այն կդառնա Եվրոպայի խորհրդում գրանցված փաստաթուղթ։

ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ հարցազրույցը

Back to top button