Հասարակություն

Նախ թանկացում, ապա՝ սպասարկման բարձր որակ. փոփոխությունները պետք է սկսել հակառակ կողմից, համոզված է Կարեն Չիլինգարյանը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մի քանի օր առաջ ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում օտարերկրյա փորձագետը ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի կողմից պատվիրված ուսումնասիրության արդյունքները, իսկ վերջում հրապարակեց այն օպտիմալ գինը, որ պետք է գործի Երեւանի տրանսպորտի համար: Արդյունավետ գինը` 15 տոկոս շահութաբերությամբ կազմում է. միկրոավտոբուսների համար 207 դրամ, դիզելով աշխատող ավտոբուսների համար 252 դրամ, գազով աշխատող ավտոբուսների համար 196 դրամ:

Ուղեւորափոխադրում իրականացնողները միշտ նշում են. մինչեւ թանկացում չլինի` սպասարկման որակում ոչինչ չի փոխվի: Սպառողների խորհրդատվական կենտրոն կազմակերպության ղեկավար Կարեն Չիլինգարյանը համոզված է. փոփոխությունները կարելի էր սկսել հակառակ ծայրից, իսկ այն, ինչ արվում է այսօր` անհասկանալի է:

Կարեն Չիլինգարյանը անհասկանալի ծախսեր է համարում, օրինակ` նոր կանգառների կամ կանգառներում էլեկտրոնային չվացուցակների տեղադրումը` հատկապես, որ չվացուցակը, մեր այսօրվա երթեւեկության պայմաններում ճիշտ էլ չի աշխատում: Տրանսպորտի սպասարկման բարելավման համար անհրաժեշտ գումարը որոնողներին ցույց է տասլիս գումարի հենց այս աղբյուրը: Իսկ առաջնայինը, կարծում է, պետք է լիներ հետեւյալ աշխատանքը՝ «Փոխանակ մտածեն դրամարկղեր տեղադրեն ավտոբուսներում, որպեսզի վերահսկվի ֆինանսական հոսքը, հարցը երբ բարձրացնում ենք,ասում են դա թանկ հաճույք է»:

Կարեն Չիլինգարյանի համոզմամբ` հենց այս քայլը կլուծի ստվերային շրջանառության հիմնական խնդիրը: Սպառողների շահերով առաջնորդվող գործիչը օրինակ է բերում Վրաստանը, որտեղ երթեւեկությունը եւ տրանսպորտի հետ կապված խնդիրները լուծվեցին մոտավորապես մեկ տարում: Այստեղ սակագնի թանկացում էլ ուներ որոշակի սկզբունքներ եւ տարանջատումներ: Կարեն Չիլինգարյանը մի քանի օր առաջ Երեւանի քաղաքապետարանում մասնակցել է այն հանձնաժողովի նիստին, որին օտարերկրյա փորձագետը հրապարակեց այսպես ասած օպտիմալ սակագները: Կարեն Չիլինգարյանի համար արդեն պարզ է, թե հանձնաժողովը ինչ որոշումներ պետք է կայացնի:

Հիշեցնենք, որ ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդմաներին հանձնարարվել է առաջարկնել մշակել օտարերկրյա փորձագետների կողմից սահմանված օպտիմալ գինը նվազեցնելու համար:

Back to top button