Հասարակություն

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին այսօր նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Հայաստանում ապրիլի 7-ին նշվում է  Մայրության և գեղեցկության օրը: Իսկ Հայ առաքելական եկեղեցին արդեն 17 դար նշում է որպես Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոն: Ներկայացնելով տոնի խորհուրդը` տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը նշեց, որ Նազարեթում Գաբրիել հրեշտակը այս օրը ավետիս տվեց 14-ամյա Մարիամին`Աստծո զորությունը քեզ հետ կլինի, կծնես որդի, անունը կլինի Հիսուս, եւ հավերժական կլինի նրա թագավորությունը, ասաց հրեշտակը: Դրանից 9 ամիս հետո` հունվարի 6-ին ծնվեց Փրկիչը:

Ի դեպ, Մարիամի տոն ունեն նաև մահմեդականներն իրենց Ղուրանում: Այսպիսով` Եվայով անեծք մտավ աշխարհ, Մարիամով` օրհնություն, նշեց տեր Բաբկեն քահանան: Նա նաև հայտնեց, որ բոլոր եկեղեցիներում ապրիլի 7-ին մատուցվում է պատարագ, այնուհետև կատարվում մայրերի և հղիների օրհնության կարգ:

Քահանայի խոսքով` Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը սկսել է կարևորվել Անկախության ձեռքբերումից հետո:

Back to top button