Հասարակություն

Այսօր Առողջության համաշխարհային օրն է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանում այսօր նշում ենք Մայրության եւ գեղեցկության տոնը, իսկ աշխարhում՝ առողջության համաշխարհային օրը: Այս տարի այն նվիրված է մոծակների, ճանճերի և տզերի միջոցով տարածվող վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը: ԱՀԿ-ն ընդգծում է, որ փոխանցողների միջոցով տարածվող հիվանդությունները սպառնում են երկրագնդի բնակչության ավելի քան կեսին, սակայն շեշտում, որ հիվանդությունները, ինչպիսիք են մալարիան, դենգե տենդը, տուլարեմիան և նման մի շարք հիվանդություններ, հնարավոր է կանխել:

Դենգե տենդ, մալարիա, տուլարեմիա, լայմ, լեյշմանիոզ և էլի մի շարք հիվանդություններ, որոնք փոխանցվում են մոծակների, ճանճերի, տզերի և ջրային խխունջների միջոցով: Բնապահպանական կլիմայական փոփոխությունները, մարդկանց և ապրանքների զարգացող տեղաշարժերը, սոցիալական ճգնաժամերը ողջ աշխարհում նպաստում են այս հիվանդությունների լայն տարածմանը: Վերը թվարկված հիվանդությունները տարածված են նաև մեր տարածաշրջանում: Մալարիայի դեմ պայքարում մեր երկիրը հասել է զգալի հաջողությունների, սակայն նույն արդյունքը չի գրանցել այլ հիվանդությունների դեմ պայքարում: Առողջապահության նախարարությունը իրականացնում է միջոցառումների լայնածավալ ծրագիր այդ հիվանդությունների դեմ պայքարը նշանակալի դարձնելու ուղղությամբ: Հայաստանը 2011 թվականից համարվում է մալարիայից ազատ գոտի: Հիվանդությունը, սակայն, մեծ խնդիր է դեռևս շատ երկրներում, օրինակ Թուրքիայում և հարևան երկրներում, և մենք պետք է զգոն լինենք, նշում է ԱՀԿ հայաստանյան գարսենյակի տնօրեն Թաթուլ Հակոբյանը:

Փոխանցողների միջոցով տարածվող վարակիչ հիվանդություններով տառապում են երկրագնդի բնակչության առավել աղքատ խմբերը` մասնավորապես նրանք, ովքեր զրկված են պատշաճ կացարանային և սանիտարական պայմաններից և մաքուր ջրից:

«Ամեն տարի փոխանցողների միջոցով տարածվող հիվանդություններով աշխարհում վարակվում է ավելի քան մեկ միլիարդ մարդ և մահանում մեկ միլիոնը»:
Սակայն այս ցուցանիշը կրճատելու ուղղությամբ պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնել կառավարությունների և համայնքների հետ համատեղ, ասում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և նշում, որ հաստատուն քաղաքական կամքը թույլ կտա փրկել բազմահազար մարդկանց կյանքեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբը կոչ է արել չթուլացնել զգոնությունը, քանի որ ահազանգ կա, որ եվրոպական տարածաշրջանում փոխանցողների միջոցով տարածվող վարակիչ հիվանդությունների աճի միտում կա:

Մալարիայից հետո եվրոպական երկրներում տարածված է դենգե տենդը, և հավանականությունըւ մեծ է, որ այդ շոգ երկրներից միգրացիոն գործընթացների հետ կապված հիվանդությունները կներթափանցեն նաև մեր հանրապետություն, զգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը: Իսկ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը, ներկայացնելով Հայաստանում փոխանցողներով պայմանավորված հիվանդությունների համաճարակային իրավիճակը, նշել է, որ նախորդ տարիների հետ համեմատ, այսօր հիվանդությունների իրավիճակը հանգիստ է: Նախկինում հանրապետությունում առկա ժանտախտը, տուլարեմիան, մալարիան և այլ հիվանդություններ արդեն անցյալում են: Ներկայում է միայն լեյշմանիոզ հիվանդությունը, որի դեմն առնելու ուղղությամբ նախարարությունը նույպես քայլեր ձեռնարկում է:

Փոխանցողների միջոցով տարածվող վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ոլորտը վերահսկողները խորհուրդները շատ են, սակայն դրանցից ներկայացնենք ժամանակավրեպը՝ հետևեք սննդի հիգիենայի կանոններին և խուսափեք չպաստերիզացված կաթնամթերքի օգտագործումից այն վայրերում, որտեղ բարձր է տզային էնցեֆալիտով վարակվելու վտանգը:

Back to top button