Հասարակություն

Քրիստինե Փիրուզյանը` «Միսս Հայք 2014»-ի հաղթող

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում այսօր անցկացվել է «Միսս Հայք 2014» հաշմանդամ կանանց գեղեցկության 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը: Ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Քրիստինե Փիրուզյանը, «Միսս համակրանք» տիտղոսին արժանացել է Գոհար Նավասարդյանը:

«Միսս Հայք»-ն իր նշանակությամբ ավելին է, քան սովորական գեղեցկության մրցույթ. այն նպատակ ունի կոտրելու հանրության կարծրատիպերը հաշմանդամության վերաբերյալ, առաջարկելով հաշմանդամ կնոջ մեջ տեսնել կանացիությունն ու գեղեցկությունը և ոչ թե խնդիրները: «Ունիսոն» հասարակական կազակերպության նախագահ Արմեն Ալավերդյանի տեղեկացմամբ մրցույթին այս տարի հայտ են ներկայացրել 16-45 տարեկան 58 գեղեցկուհիներ Երևանից ու հանրապետության բոլոր մարզերից.

«Մրցույթն այս տարի անցավ նոր ձևաչափով. եթե նախորդ տարիներին ընտրությունը կատարվում էր միայն լուսանկրաների միջոցով, այս տարի միայն առաջին փուլն է այսպես անցկացվել: Եզրափակիչում աղջիկներն իրենք կլինեն բեմում: Այս մրցույթը կոտրում է հասարակության կարծրատիպերը հաշմամնդամների վերաբերյալ»:

Մրցույթն ունի մեկ կարևոր նպատակ ևս. խրախուսել հաշմանդամություն ունեցող կանանց իրենց դիտարկել հավասար մրցակցության դաշտում և, ընդհանրապես, ապրել ակտիվ, լիարժեք կյանքով: Եթե նախորդ տարիներին ընտրությունը կատարվում էր միայն լուսանկարների միջոցով , եզրափակիչում այս տարի ժյուրին հնարավորություն ուներ գնահատել մասնակիցներին տեսնելով նրանց բեմում: «Միսս Հայք 2014» տիտղոսին համակնող 12 գեղեցկուհիները վստահեցնում են, որ մրցույթն իրենց համար նախևառաջ տոն է և իրենց հավասար իրավունքների մասին բարձրաձայնելու հնարավորունթյուն:

«Միսս Հայք 2014» մրցույթի հաղթողը Քրիստինե Փիրուզյանն է. Լոռու մարզ, քաղաք Ախթալա: Քրիստինեն, սակայն, աշխատում է Երևանում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Քրիստինե Փիրուզյանին հաղթողի թագը փոխանցեց նախորդ մրցույթի հաղթող Անահիտ Աբաջյանը: Թագը փոխանցում է, բայց պահպանում է հաղթանակի զգացողությունը, որն այլևս իրենն է, հաղթանակ սեփական վախերի, անլիարժեքության զգացողության դեմ: Անահիտը ստեղծագործում է, գրում է պատմվածքներ: Առաջիկայում լույս կտեսնի նրա առաջին գիրքը: Վերնագիրը դեռ չի որոշել, բայց կարևորագույնը որոշված է՝ ինքնակենսագրական պատմվածքը երջանիկ ավարտ է ունենալու:

Back to top button