ԿարևորՀասարակություն

Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով Տավուշում էր (լրացված)

լրացված` ժ.17.57

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Տավուշ-Երեւան

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով այսօր Տավուշի մարզում էր: Մարզկենրոն Իջեւանում եւ մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրերում երկրի ղեկավարը ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին եւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին՝ պաշտպանության, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության եւ ճանապարհաշինության ոլորտներում:

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ, բավականին հագեցած օրակարգով, մեկնարկեց Բերդ քաղաքից: Համայնքի վերանորոգված մանկապարտեզի շենքում երկրի ղեկավարին ներկայացվեցին կատարված աշխատանքներն ու ստեղծված պայմանները: Մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Գալստյանը մեզ ետ զրույցում ասաց, որ այս պահին մանկապարտեզ հաճախում է 206 երեխա: Ստեղծված պայմանների մասին, նախկինի հետ համեմատած, խոսք չկա:

Նախագահի հաջորդ կանգառը Բերդ քաղաքի Ս. Գեւորգ եկեղեցու շինհրապարակն էր: Եկեղեցու շինարարությունն սկսվել է 2012 թ.-ին: Նախատեսվում է, որ այն կավարտվի այս տարվա առաջին կիսամյակում: Կոթողի ճարտարապետն Արտակ Ղուլյանն է: Ս. Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Արամի խոսքով՝ սահմանամերձ այս տարածքի համար եկեղեցին ոչ միայն հոգեւոր տուն է, այլեւ՝ հոգեւոր միջնաբերդ, քանի որ պատվար է այստեղ ներթափանցող աղանդների դեմ:

Եկեղեղեցու շինհրապարակում էլ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց համայնքի բնակիչների հետ, որից հետո երկրի ղեկավարը սահմանամերձ Բերդ համայնքում ծանոթացավ բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման եւ արդիականացման աշխատանքների ընթացքին: Դրանք իրականացվում են ՀԲ-ի ֆինանսավորմամբ՝ «Առողջապահության համակարգի արդիականացում» ծրագրով: Բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանի խոսքով՝ հիմնանորոգվող եւ արդիականացվող բժշկական կենտրոնի գործարկումից հետո, շատ քիչ դեպքերում տարածքի բնակիչերը ստիպված կլինեն հասնել մայրաքաղաք:

Սահմանամերձ Պառավաքար համայնքում Սերժ Սարգսյանը ծանոթացավ նաեւ կառուցվող Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Այս շրջանցիկ ճանապարհի ընդհանուր երկարությունը 3.2 կիլոմետր է, արժեքը՝ ավելի քան 519 մլն դրամ: Այս ամսվա կեսերից, արդեն, անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի այս ճանապարհով ապահովել սահմանափակ երթեւեկություն: Ճանապարհի կառուցումը նախատեսված է ավարտել մինչեւ օգոստոս: Այս մասին ասաց Տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ»-ի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը:

Պառավաքարի գումարտակը նախագահ Սարգսյանի հոջորդ այցելության վայրն էր: Գումարտակում շրջայցից հետո, գերագույն գլխավոր հրամանատարը մեկնեց «Մելքումասար» սահմանամերձ հենակետ, որտեղ շփվեց մարտական դիրքում ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ: Պառավաքարում նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվեց նաեւ վերակառուցված համայնքային կենտրոնը: Համայնքի մշակույթի կենտրոնի հրապարակում նախագահը ծաղիկներ դրեց զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարի մոտ: Այստեղ կազմակերպված հանդիսությամբ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գերատեսչական պարգեւներ հանձնեց զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին եւ մի շարք ազատամարտիկների:

Ներքին Կարմիրաղբյուր` նախագահի հերթական կանգառը: Համայնքում Սերժ Սարգսյանը ծաղիկներ դրեց Հայրենական պատերազմում զոհվածների ու անհայտ կորածների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ներքին Կարմիրաղբյուրում երկրի ղեկվարի մասնակցությամբ բացվեց նորակառույց համայնքային կենտրոնը: Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սարգսյանը հանդիպեց նաեւ խաղողագործների հետ: Պետական պաշտոնյաների, համայնքապետերի ներկայությամբ քննարկվեցին ոռոգման համակարգի խնդիրները:

Back to top button