Հասարակություն

«Համար 6». եւս մեկ կինոկատակերգություն` հայկական շուկայում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայկական շուկայում ավելացավ եւս մեկ կինոկատակերգություն, որի պրեմիերան տեղի կունենա վաղը: Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպել են ստեղծագործական խմբի անդմաները` ներկայացնելով աշխատանքի ընթացքը: Ֆիլմը կոչվում է «Համար 6» եւ ունի սահմանափակում «18+»: Բայց հեղինակները նշել են, որ բաց տեսարաններ ֆիլմում չկան: Սահմանափակումը ավելի շատ սուր հումորի համար է:

Այսօրվա ծանր իրականության մեջ մարդկանց անհրաժեշտ է հումորն ու ժպիտը: Այս սկզբունքով մի խումբ մարդիկ այս տարվա սկզբին համախմբվեցին եւ ստեղծեցին նոր կատակերգություն, որը վաղվանից կներկայացվի հանդիսատեսի դատին: Ֆիմի ստեղծագործական խումբը այսօր շատ փակագծեր չբացեց` բոլոր անակնկալները թողնելով վաղվա: Բայց ամեն դեպքում խոստացան, որ այս ֆիլմում հանդիպող հումորները ցածրաճաշակ չեն լինելու: «Համար 6» ֆիլմի ռեժիսոր Էդուարդ Շահնազարյանի համար այս ֆիլմը ռեժիսորական դեբյուտ է:

«Համար 6» Ֆիլմի ստեղծագործական կազմի անդամները սնահավատ չեն: Որեւէ բարդույթներ չունեն 6 թվի հետ կապված: Ընդհակառակը` կարծում են այդ թիվը ֆիլմին հաջողություն կբերի: Բայց թե ինչու ֆիլմը անվանվեց «Համար 6» պրոդյուսեր Դավիթ Թադեւոսյանը ամեն դեպքում փակագծերը չբացեց:

Այս ֆիլմում հանդիսատեսը կտեսնի այն, ինչ արդիական է մեր այսօրվա կյանքի համար, ասում է դերասան Ալիկ Հակոբյանը: Ինչ վերաբերում է դերասանական կազմին, ապա ֆիլմի հեղինակները չեն առաջնորդվել, այսպես ասած, «փող բերող» եւ ճանաչված դերասաններ հրավիրելու սկզբունքով: Օրինակ` ֆիլմում ինքն իրեն է մարմնավորել լրագրող Գագիկ Շամշյանը, իսկ եգչուհի Ջուսը հանդես է եկել դերասանական դեբյուտով:

Back to top button