Հասարակություն

Թուրքագետ.Քեսաբի վրա հարձակման սցենարի ետևում կանգնած է Էրդողանը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

2014-ը Թուրքիայում անցնում է ընտրությունների ֆոնին: Մարտի 30-ին անցկացվեցին ՏԻՄ բավականին քաղաքականացված ընտրությունները, իսկ օգոստոսի 10-ին թուրքերը կընտրեն երկրի նախագահին: Այս առումով երկրի շուրջ տեղի ունեցող քաղաքական զարգացումները բավականին բախտորոշ կարող են լինել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար:

Ժողովրդավարության պակաս՝ այսպես կարելի է բնութագրել Թուրքիայում առկա ներքաղաքական իրավիճակը: Այդ երկրի տեղական ինքնակառավարման մարմինների բավականին քաղաքականացված ընտրությունների նախօրեին անասելի հետապնդվում են լրագրողները, իշխանությունների ցուցումով անհասանելի դարձան Թվիթեր սոցիալական ցանցը և ՅուԹուբ կայքը, որտեղ հրապարակված սկանդալային նյութերը սասանեցին իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության վարկանիշը: Հատկանշական է, որ այդ արտահոսքերի իսկությունը չհերքվեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Ի պատասխան նա միայն մեղադրեց «մութ ուժերին» դավադրության մեջ: Նախընտրական արշավն այնքան լարված էր, որ թուրքական կառավարության ղեկավարի ձայնն էր խզվել:

Ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, խարիզմատիկ վարչապետի կուսակցությունը ստացավ ընտրողների քվեների 45 տոկոսը, ինչը որոշ չափով վկայում է թուրք հասարակության հանդուրժողականության մասին, նշեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Սակայն «Արդարություն և Զարգացում» կուսակցության հազիվ հազ արձանգրված հաղթանակը ձեռք բերվեծ բազմաթիվ խախտումների և լցոնումների գնով: Խայտառակ ընտրությունների արդյունքները բողոքարկվում են 249 տեղամասերի մասով, որոշ տեղեր Էրդողանի կուսակիցների հաղթանակը արդեն իսկ չեղյալ է հայտարարվել: Այնպես որ վարչապետի ջաղջախիչ հաղթանակի մասին երազանքները չիրականացան, ինչը որոշակի խոչընդոտներ կառաջացնի նրա նախագահական հավակնությունների իրագորածման ճանապարհին:

Այս պարագայում Թուրքիայի հաջորդ նախագահը կունենա նույն սահմանափակ լիազորությունները, որոնք առկա էն այսօր: Ըստ թուրքագետի, առավել հավանական է փոխատեղման իրականացումը, որի արդյունքում Էրդողանը կզբաղեցնի նախագահ Գյուլի աթոռը՝ նրան զիջելով վարչապետի պաշտոնը: Այս սցենարը կարող է իրականանալ արդեն հաջորդ տարի հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Անուշ Հովհաննիսյանը ընդգծեց, որ Քեսաբի վրա հարձակման սցենարի ետևում կանգնած է վարչապետը: Նույնիսկ Սիրիա ուղարկված այլազգի զինյալներին Թուրքիայում կնքել էին որպես Էրդողանի զավակներ: Բացի դրանից, թուրքական զինուժը մեծ աջակցություն է ցուցաբերել իսլամիստ վարձկանների առաջխաղացմանը Սիրիա տարածքում: Եվս մի կարևոր հանգամանք՝ Քեսաբի գրավումը իրականացվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին, ինչը կարող է դիտվել որպես կոռուպցիոն սկանդալներից ուշադրության շեղելու «պի-առ» քայլ: Ի՞նչ արկածախնդրության կարող է դիմել Էրդողանը նախագահական ընտրություններից առաջ: Արդյո՞ք նորից կփակվեն Թվիթերն ու ՅուԹուբը: Այս հարցերը անպատասխան են այսօր, քանի որ խարիզմատիկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց անկանխատեսելի է:

Back to top button