Հասարակություն

Քեսաբի թալանը վաճառվում է թուրքական սահմանակից գյուղերում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մեդիա կենտրոնում այսօր տեղի է ունեցել  «Քեսաբ»  ֆիլմաշարի  առաջին մասի ցուցադրությունը, որին հաջորդել է քննարկում՝ ֆիլմի ռեժիսոր Նանե Բագրատունու և քեսաբահայերի մասնակցությամբ: Իսկ մինչ  այդ՝ ուղիղ տեսազանգով կապ է հաստատվել  Լաթաքիայի  Սուրբ Աստվածածին  եկեղեցում ապաստանած մեր  հայրենակիցների հետ: 

Քեսաբում կա դրական տեղաշարժ, ինչը քեսաբահայերին վերադարձի  հույս է ներշնչում: Որքան ժամանակ դեռ նրանք կսպասեն, սիրիահայության  շտապօգնության  գործադիր մարմնի անդամ Կարո Մանջիկյանը դժվարանում  է պատասխանել: Նա հաստատեց այն լուրերը, որ քեսաբահայերի ունեցվածքը թալանվել և վաճառվում է թուրքական հարակից գյուղերի շուկաներում: «Բեռնատարները չեն դադարում այդ ունեցվածքը տեղափոխել Թուրքիա». Կարո Մանջիկյանւ փոխանցում է սահմանի մյուս կողմում գտնվող, նրա բնորշմամբ,  հավատարիմ բարեկամներից ստացված տեղեկությունները:

Ինչ վերաբերում է Լաթաքիայում ապաստանած քեսաբահայ մոտ 150 ընտանիքմներին, ապա, «արվում է ամեն ինչ, որպեսզի նրանք դուրս գան գաղթականի հոգեվիճակից, որովհետև դա նրանց համար ամենակոծանարարն  է»: Վերջում բանախոսը հույս հայտնեց, որ հայությունը կշարունակի  խոշորացույցի տակ պահել թուրքական վայրագությունները Քեսաբում, ինչը քեսաբահայերի համար նորություն չէ:

Լաթաքիայի մեր հայրենակիցների հետ տեսազանգին հետևեց «Քեսաբ» վավերագրական  ֆիլմաշարի առաջիմ ֆիլմի ցուցադրությունը:  Ստեղծագործական խումբը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Քեսաբը, որը  ոչ թե գաղութ է, այլ Կիլիկյան Հայաստանի պահպանված պատառիկը, ասում է ֆիլմի ռեժիսոր Նանե Բագրատունին։ Քեսաբի պատմական անցյալի, քեսաբցու նիստ ու կացի, առօրյա սովորությունների մասին պատմող ֆիլմն այսօր դիտում էին նաև մի խումբ քեսաբցիներ:

Back to top button