

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Տիգրան Սարգսյանի հրաժարականի, առաջիկա հնարավոր զարգացումների թեման այսօր քննարկվել է նաև Ազգային ժողովում: Ո՞վ ինչպես է գնահատում վարչապետի հրաժարականը, ո՞ւմ է տեսնում կառավարության նոր ղեկավարի պաշտոնում, ի՞նչ վերադասավորումներ են ակնկալվում. քաղաքական ուժերը գնահատել են իրավիճակն ու խոսել հնարավոր զարգացումների մասին: Ի դեպ՝ իրենց առաջիկա քայլերի մասին խոսել են նաև ոչ իշխանական 4 ուժերի ներկայացուցիչները: Տիգրան Սարգսյանի հրաժարականը փոխել է իրավիճակը ՝ քառյակի հանդիպումից հետո ասել է «Ժառանգություն» կուսակացության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Տիգրան Սարգսյանի հրաժարականը ոչ սպասելի էր, ոչ էլ անսպասելի. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փոքր-ինչ այլ ձևակերպման կողմնակից է. եղել է հրաժարականի դիմում և այն բավարարվել է։ «Վարչապետի փոփոխության հարց ՀՀԿ-ն չի քննարկել: Եղել է վարչապետի հրաժարականի դիմում, որը չի քննարկվել»:
Հանրապետական խմբակցության ղեկավարը նաև նպատակահարմար չի համարում պատճառներ թվարկելը կամ դրանք վերլուծելը: Նշում է, որ վարչապետի պաշտոնն ընդհանրապես ամենախոցելին է կառավարաման համակարգում: «Կարծում եմ՝ այս վեց տարիներին աշխատանքային ծանրաբեռնվածությունը շատ մեծ էր, և բավականին խնդիրներ հաղթահարվել են, իսկ մնացածն իր որոշման հետևանքն է»։
Հանրապետական կուսակացության անդամ լինելը հաջորդ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար, ըստ Գալուստ Սահակյանի, տրամաբանական նախապայման է համարում, բայց ոչ միակը: Կարևորը իր առջև դրված խնդիրները լուծել կարողացող թեկնածու գտնելն է: «Ըստ մեր մշտական գործելակերպի՝ ոչ թե մտածել ենք, որ պարտադիր պիտի հանրապետական լինի, այլ էն խնդիրը, որը հետագայում պիտի իրականացվի, ավելի շատ այդ ռազմավարությունն իրականացնող թեկնածուի խնդիր է լուծվել»։
Տիգրան Սարգսյանի հրաժարականին ոչ թե սպասելիության կամ անսպասելության դիրքերից, այլ որպես կայացած փաստ է վերաբերվում կոալիցիոն մյուս ուժը ՝«Օրինաց երկիրը»: Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի գնահատատմամբ ՝ քննարկումներն առջևում են: Իսկ հրաժարականը ՕԵԿ-ը պայմանավորում է սոցիալ-տնտեսական խնդիրներով։ «Մենք տեսնում ենք որոշ խնդիրներ, մասնավորապես՝ կուտակային կենսաթշակների հետ կապված: Օրենսդրական բավականին շատ ճշգրտումների կարիք կա»,- ասում է։
Տիգրան Սարգսյանի հրաժարականի մեկնաբանությունների հարցում ամեռնազուսպն այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էր: Խմբակցության անդամները միաձայն հրաժարվում էին ցանկացած մեկնաբանությունից: Չմեկնաբանելու դիրքորոշումը համարյա պաշտոնապես հաստաեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Այսօր խորհրդարանում էր ոչ միայն ԲՀԿ խմբակցության հիմնական մասը, այլ նաև ղեկավարը: Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում կարճատև հանդիպում ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Թե ինչ է քննարկվել , ԲՀԿ- ական պատգամավորները չմանրամասնեցին։
ԱԺ-ում այսօր մեկ այլ հանդիպում էլ էր նախատեսված: Ոչ իշխանական 4 ուժերը դեռ երեք օր առաջ էին պլանավորել հերթական հանդիպումն անցակցնել այս ուրբաթ: Քննարկման թեման պետք է լիներ Տիգրան Սարգսայանի հարաժարականի պահանջը։ Քառյակի անունից հանդիպումն ամփոփող Ռուբեն Հակոբյանը արձանագրեց, իրավիճակը վարչապետի հրաժարականից հետո փոխվել է, բայց քառյակի պլանները շատ չեն փոխել: Ինչ վերաբերում ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքին, ապա համատեղ միջոցառումը կկայանա, բայց թե ե՞րբ՝ առայժմ պարզ չէ։