Միջազգային փորձագետները Երեւանի տրանսպորտի համար առաջարկում են 200 դրամից բարձր սակագներ


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Երեւանի քաղաքապետարանում այսօր նորից խոսվել է տրանսպորտի սակագինը փոխելու մասին: Ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում ներկայացվեց «Այ Փի Սի Էս» քաղաքական եւ սոցոլոգիական խորհրդատվությունների միջազգային ինստիտուտի կատարած ուսումնասիրությունը: Մեկ ժամից ավելի տեւած հաշվետվությունից հետո հրապարակվեց նաեւ այն գինը, որը նպատակահարմար է համարվում տրանսպորտավարձի համար:
Երեւանում ներքաղաքային տրանսպորտի գինը թանկացնելու համար արդեն պատրաստ է նաեւ միջազգային փորձագետների հիմնավորումը: Մշակված մեթոդաբանությամբ եւ տարբեր բաղադրիչներով հաշվարկելուց հետո եզրակացրել են. արդյունավետ գինը` 15 տոկոս շահութաբերությամբ կազմում է՝ միկրոավտոբուսների համար 207 դրամ, դիզելով աշխատող ավտոբուսների համար՝ 252 դրամ, գազով աշխատող ավտոբուսների համար՝ 196 դրամ: Սակայն, սա հստակ թվերը չեն, որ գործելու են երեւանյան տրանսպորտի համար:
Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը այսօր դիմեց Ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամներին ներկայացնել սակագինը հնարավորինս իջեցնելու եւ թանկացման ժամկետները սահմանելու համար առաջարկներ։
Երեւան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղեւորահոսքի ուսումնասիրությունը միջազգային փորձագետներն անցկացրել են 2013 թվականի դեկտեմբերին: Ուսումնասիրել են բազմաթիվ ուղղություններով` շարժակազմի սանիտարահիգիենիկ վիճակից, վարորդների տեսքից, սպասարկումից մինչեւ ուղեւորների դժգոհություններ, ամսվա ընթացքում կատարվող ծախսեր եւ այլն: Ի դեպ` շաբաթվա կտրվածքով ուղեւորահոսքի թիվը միայն Երեւանում հասնում է գրեթե 4 միլիոնի: Ինչո՞ւ այս ուսումնասիրությանը չեն մասնակցել սպառողների շահերով առաջնորդվող կազմակերպությունները. նիստի ժամանակ դժգոհեց «Հայաստանի սպառողների ասոցիացիան» եւ «Հանրային պաշտպանների միությունը» ներկայացնող Արմեն Պողոսյանը: Դա էլ վերածվեց փոխքաղաքապետի հետ վիճաբանության: Փոխքաղաքապետը առաջարկեց, որ հասարակական կազմակերպություններն էլ ներկայացնեն իրենց ուսումնասիրությունները։
Այսպիսով՝ այսօր միջազգային փորձագետները հրապարակեցին տրանսպորտի սակագնի այնպիսի բարձր չափեր, որոնք դեռ փորձելու են նվազեցնել քաղաքային իշխանությունները: