Հասարակություն

Զորակոչիկները կպատվաստվեն զորակոչից երկու ամիս առաջ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Առողջապահության նախարարությունը ջանում է լուծել երիտասարդների առողջական խնդիրները մինչեւ 18 տարեկան՝ զորակոչային տարիքին հասնելը։ Այդ նպատակով մեր տղաները  15 տարեկանից պոլիկլինիկաներում սահմանված կարգով անվճար անցնում են  բժշկական հետազոտություններ, ինչի արդյունքներն էլ գրանցվում են առողջության անձնագրերում:   

Զորակոչային տարիքը մինչև  27- ն է։ Ովքեր  տարբեր պատճառներով տարկետում են ստացել, նրանք եւս կհետազոտվեն, համապատասխան բուժօգնությունը ստանալուց հետո կզորակոչվեն բանակ, ասում է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Զորակոչի տարիքը լրանալուն պես զինկոմիսարիատները, որտեղ ստեղծված են բժշկական հանձնաժողովներ, բժշկական անձնագրերից վերցնելով արդեն հիվանդության տվյալները` անհրաժեշտության դեպքում  զորակոչիկին փորձաքննության են ուղարկում հիվանդանոց: Սրանով էր պայմանավորված, որ անցյալ տարվանից աշնանային և գարնանային զորակոչը տեղափոխվել է ամռան և ձմռան ամիսներին:

Ամառային զորակոչը սարերի հետևում չէ և առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում մեր զորակոչիկների առողջությունը բարելավելու ուղղությամբ: Այսուհետ՝ առողջապահության և պաշտպանության նախարարների հրամանով՝ զորակոչիկները պատվաստումը կստանան զորակոչից երկու ամիս առաջ։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ չի բացառվում, որ կլինեն ծնողներ, ովքեր կհրաժարվեն պատվաստումներից, սակայն միաժամանակ հայտարարեց, որ դա չի կարող  զորակոչի խոչընդոտ հանդիսանալ։ Պատվաստումից հրաժարվելու դեպքում զորակոչիկները այն կստանան զորակոչի վերջին օրը՝ հավաքակայանում։

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը համեմատելով հունվարին  բանակում արձանագրված կայծակնային թոքաբորբերի քանակը, նշեց, որ այժմ իրավիճակը հանգիստ է եւ հույս հայտնեց, որ հիվանդացածության նման մակարդակ այլեւս չի գրանցվի։ Փոխնախարարը նշեց, որ պատվաստումների կարգում փոփոխությունը պայմանավորված չէր թոքաբորբով։ Ըստ նրա՝ փոփոխությունը  քննարկվել  է ձմեռային զորակոչից  դեռ  մեկ ամիս առաջ։

Back to top button