Տնտեսական

Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ասում են տնտեսագետները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ոչ թե անձերի, այլ համակարգային փոփոխություններ. տնտեսագետներ Բագրատ Ասատրյանն ու Վարդան Բոստանջյանն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի լուրը այսպես են  մեկնաբանել։ Բագրատ Ասատրյանի համար հրաժարականն անակնկալ չէր, նա հանդիպման էր եկել մի քանի թվերով. «2009 թ շռնդալից ծրագիր ընդունվեց, տնտեսական աճը տասը տոկոս, և հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ: Անկում 14 տոկոս: Դրանից ավելի լավ առի՞թ: 2008թ ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 11 մլրդ 916 մլն դոլար, 2013-ին՝ նույն ՀՆԱ 10 մլրդ 300 մլն դոլար, մոտավորապես տասը տոկոս անկում հինգ տարիների ընթացքում»,- ասում է։

2009 թ ֆինասնատնտեսական ճգնաժամը, իհարկե, Հայաստանի տնտեսության վրա ունեցավ իր ազդեցությունը, սակայն, աշխարհը վաղուց ժգնաժամից դուրս է եկել,  երկրները զարգանում են, նոր խնդիրներ են առաջ գալիս, իսկ Հայաստանը մնացել է  նույն՝ նախաճգնաժամային  փուլում: Հայաստանի պրոբլեմը ոչ թե անձինք են, այլ համակարգն է, ասում է Վարդան Բոստանջյանը։ «Նա տրամադրված էր հեռանալ, բայց չէին թողնում: Եվ հասարակությունը շատ չխորանալով մտածում  է, որ մեր բոլոր անհաջողությունների պատճառն այդ ֆիզիկական անձն է: Պետք է չմտածել , թե ով կլինի, մտածենք այն համակարգային փոփոխությունների մասին, որը կբերի երկրի կառավարման արդյունավետության կտրուկ բարձրացմանը»։

Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը. տնտեսագետներն այսպես են  մեկնաբանում  նախարարների   այն հայտարարությունները, որ իրենք վարչապետի հրաժարականի մասին տեղյակ չեն եղել :  Հայաստանում շատ բան է փոխվել, ասում է Բագատ Աստարյանն ու թվարկում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների քայլերը՝ «Դեմ եմ 150 դրամին», «Դեմ եմ» կենսաթոշակների պարտադիր կուտակային վճարներին: Քաղաքական դաշտում նույնպես փոփոխություններ են տեղի ունեցել։ «Այս տարի ՀՀ տնտեսությունը վնասով է ավարտելու: Այս գիտակցումը քաղաքացին արդեն զգում է: Այս մասին որևէ պաշտոնյա դեռ չի խոսել: Սա է իրականությունը: Բոլորս հասկանում ենք, որ այս տարին ամփոփոլեու ենք արտագաղթի սարսափելի մեծ թվերուվ»,- ասում է ԿԲ նախկին նախագահը։

Բագրատ Ասատրյանը կանխատեսում է՝  տարեվերջին Հայաստանում 1-3 տոկոս տնտեսական անկում կգրանցվի։

Back to top button