Մշակույթ

Սփյուռքում ժողովրդական եւ աշուղական երգի ծարավ կա, ասում է լոսանջելեսաբնակ արվեստագետը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ապրիլի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ժողովրդական երգերի հրաշալի կատարող Գևորգ Չաքմանյանի մենահամերգը՝ նվիրված մայրության ու գեղեցկության տոնին: Էջմիածնի «Տարոն» աշուղական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գևորգ Չաքմանյանը 2010 թվականին տեղափոխվեց Միացյալ Նահնագներ: «Ընտանիքս չեմ տեղափոխել, հարազատներս Հայաստանում են, իսկ դա նշանակում է, որ այնտեղ միայն աշխատում եմ »,- լրագրողների հետ այսօր հանդիպմանն ասել է արվեստագետը։

Նահանգներ տեղափոխվելուց հետո 2010-ի մայիսին կայացած համերգը փաստեց, որ Սփյուռքում ժողովրդական ու աշուղական երգի ծարավ կա: Միջազգային օլիմպիադաներում բարձրագույն պարգևների արժանած Էջմիածնի իր «Տարոն» մանկական երգչախմբի օրինակով Լոս Անջելեսում   ստեղծեց նույնանուն երգչախումբ: 5-6 տարեկան երեխաներ, որոնք անգամ հայերեն  չգիտեին , սկսեցին երգել հայերեն աշուղական ու գուսանական երգեր: Ժողովրդական երգերի կատարող Գևորգ Չաքմանյանը սրանով, սակայն, չսահմանափակվեց. Միացյալ Նահանգներում նա ստեղծեց իր տեսակի մեջ եզակի, ինչպես ինքն է ներկայացնում, տատիկների ու պապիկների «Կանթեղ» աշուղական երգչախումբը։ 

Մինչև 97 տարեկան տարեցներից կազմված երգչախմբի հետ աշխատանքը հետաքրքիր է, բայց զերծ չէ նաև դժվարություններից: «Ոմանք հիշողության հետ կապված խնդիրներ ունեն արդեն, տեքստերը դժվարությամբ են հիշում»,-ասում է արվեստագետն ու զավեշտալի  դեպք հիշում. «Պապիկներից մեկը մի քանի փորձերի ժամանակ երգում էր ու նույն տեղում անընդհատ տեքստը մոռանում էր, ես էլ կատակով ասացիէ չէ՝ էսպես չի լինի, մյուս անգամ ծնողիդ հետ կգաս: Զարմանքով նայեց ու ասաց. «Բալա ջան ծնողս 50 տարի առաջ մահացել է»։

2013- ին երգչախումբը հանդես եկավ Երևանի՝ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ տարեցների համար դառնալով կյանքի անմոռանալի իրադարձություններից մեկը։ «Մեծ ցանկություն ունեն մեկնել հյուրախաղերի, Լատվիայից երգչախմբային 6-րդ համաշխարհային օլիմպիադային մասնակցելու հրավեր ունենք, որին  տարեցները սպասում են մեծ ոգևորությամբ, հաճախ հարցնում են՝ իսկ ի՞նչ դրոշի ներքո ենք հանդես գալու՝ հայկակա՞ն, թե՞ ամերիկյան»,- պատմում է երգչախմբի ղեկավարը:

Ազգայինը քարոզելու առաքելությանն է միտված նաև Գևորգ Չաքմանյանի «Կանթեղ» հեռուստահաղորդումը, որը Լոս Անջելեսի մեր հայրենակիցներին ազգային երգ ու պար է մատուցում: Արաքսի Գյուլզադյան, Օֆելյա Համբարձումյան , Ռուբեն Մաթևոսյան. բազմաթիվ երիտասարդներ նրանց հենց «Կանթեղի» շնորհիվ են բացահայտում: Արվեստագետն  իր ակտիվ գործունեությունը չի դադրեցրել  նաև հայրենիքում: Ապրիլի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Գևորգ Չաքմանյանի  մենահամերգը՝ նվիրված Մայրության ու գեղեցկության տոնին: 

Back to top button