Հասարակություն

Սփյուռքի նախարար հայտարարել է, որ 38 պատանդներից 24-ը վերադարձվել են

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ մեր ամենօրյա հսկողության տակ գտնվող խնդիր է և կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այն հոգսերը, որ այսօր ընկել են մեր հայրենակիցների ուսերին՝ լուծվեն և մենք պետք է կանգնած լինենք նրանց կողքին»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանն` անդրադառնալով քեսաբահայերի խնդիրներին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ 38 պատանդներից 24-ը վերադարձվել են, 3-ը բռնի կերպով տեղափոխվել են թուրքական Վաքըֆ գյուղ:

«Նրանք ողջ են»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ մյուսները Քեսաբում են, հեռախոսակապի միջոցով խոսում են գյուղապետի հետ և նա էլ նախարարությանն է տեղեկացնում: Քեսաբահայերը առաջին օգնության պարագաներն ունեն, հայտարարել է Հրանուշ Հակոբյանը՝ նկատելով, որ ՀՀ նախագահի հայտնի հայտարարությունն էր Հաագայից, ազդակ է հաղորդել ողջ հայ ժողովրդին և միջազգային կազմակերպություններին: Նախագահի հայտարարությունից անմիջապես նախարարությունը դիմել է բոլոր հայկական համայնքների ղեկավարներին՝ խնդրելով ցույցեր, բողոքի ակցիաներ, հանրահավաքներ անցկացնել, ցուցաբերել նաև նյութական օգնություն:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան.«Նաև պետք է ասեմ, որ ի պատիվ հայկական բոլոր համայնքների, որ անցկացրին բողոքի ակցիաներ, ցույցեր, սկսած գործադուլից, մինչև պետական դեպարտամենտի վրա ճնշումներ գործադրելը, շատ ակտիվ աշխատեցին Հայ Դատը, Հայկական համագումարը, կուսակցությունները, եկեղեցիները, մեր երկու կաթողիկոսներն արձագանքեցին շատ արագ: Այսօր ի՞նչ են մեզնից պահանջում քեսաբահայերը: Առաջին խնդրանքն այն է, որպեսզի ճնշումն ավելացվի. երեկ մեր արտաքին գործերի նախարարը դիմեց ՄԱԿ՝ Բան կի Մունին, մեր կրթության նախարարը դիմեց Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, և հիմնական խնդրանքն այն է, որ հետաքննություն սկսվի, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները, դեպքերը, և երկրորդ՝ հնարավորություն ստեղծել, որ քեսաբահայերը վերադառնան:

Այսօրվա դրությամբ Քեսաբից Հայաստան որևէ մեկը դեռ չի եկել, չնայած խոսակցություններ կան, որ կարող է եկեղեցու տարածքում բնակվողները տեղափոխվեն Բեյրութ, այնտեղից էլ Հայաստան: Դա, իհարկե, օրերի և ժամանակի խնդիր է, կախված, թե երբ կավարտվի այդ հակամարտությունը: Ասեմ նաև, որ ակտիվ տղաները զորքի հետ են և իրենք նաև համաձայն չեն, որ ծավալվեն ակտիվ գործողություններ, որոնց ակտիվ ծավալման դեպքում կարող են ավերածությունները շատ լինել: Այդ պատճառով շատ դանդաղ է առաջ գնում, բայց այս պահին որոշակի ռազմավարական բարձունքներ սիրիական բանակը նվաճել է»:

Back to top button