Միջազգային

Ուկրաինան խորհրդակցություններ է անցկացնում ՌԴ հետ դիվանագիտական հանդիպում կազմակերպելու համար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խորհրդակցություններ է անցկացնում փոխարտգործնախարարների մակարդակով ռուսաստանյան կողմի հետ  դիվանագիտական հանդիպում կազմակերպելու համար: «Մենք ունենք ազդակներ, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության, այժմ խորհրդակցություններ են անցկացվում, թե որտեղ և երբ այդ հանդիպումը կարող է կայանալ: Կարծում եմ, այն ամեն դեպքում մոտ ապագայում կկայանա փոխարտգործնախարարների մակարդակով,  չնայած մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք հանդիպել», -հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատարի ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը ուկրաինական հեռուստակայաններից մեկի եթերում:

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան հայտարարել էր, որ ապրիլի 4-ին նախատեսված Ռուսաստանի և Ուկրաինայի փոխարտգործնախարարների հանդիպումը, որը պետք է կայանար  Մինսկում, հետաձգվել է: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին չորեքշաբթի կոչ է արել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի կառավարության հետ: Լավրովի և Դեշչիցայի վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 24-ին Հաագայում: Ինչպես հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, երկու նախարարների նոր հանդիպում չի նախատեսված:

Լավրովն իր ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման մասին խոսելիս հայտարարել էր, որ Դեշչիցան խոսել է Ուկրաինայի ֆեդերալիզացիայի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկի անընդունելիության մասին: Առաջարկ, որի մասին  ավելի վաղ բարձրաձայնել էր ռուսաստանյան արտաքին գերատեսչությունը:

Back to top button